Լրահոս
Օրվա լրահոսը

«Անգամ ռումբերի տակից չեն ուզում գալ Հայաստան»

Օգոստոս 07,2012 13:27

«Հայրենադարձության եւ Սիրիայի հայության աջակցության» նախաձեռնող խմբի անդամ, հրապարակախոս Կարինե Հակոբյանը մտահոգություն ունի, որ Սիրիայի հարցով հանգուցալուծումը կլինի առաջիկա մեկ ամսում, ուստի հիմա ամենավտանգավոր շրջանն է, եւ հենց հիմա պետք է լուծել մեր հայրենակիցների անվտանգության հարցը, հակառակ դեպքում՝ կարող ենք ուշանալ: Իսկ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով ձեւավորված հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանն էլ նշում է, որ մենք չենք կարող որոշում ընդունել սիրիահայերի փոխարեն, սակայն ֆորս-մաժորի դեպքում Հայաստանը պատրաստ է համապատասխան քայլերի: 

Կարինե Հակոբյան- Խոսելով Հայաստանի կողմից սիրիահայերին աջակցություն ցույց տալու մասին՝ մենք նկատի չունենք, որ պետք է նրանց անպայման տեղահանենք եւ բերենք Հայաստան, որովհետեւ դա շատ բարդ է՝ նրանք այնտեղ ունեն տուն, աշխատանք, միջավայր: Խնդիրն այն է, որ Հայաստանը պետք է ունենա հայրենադարձության քաղաքականություն: Բայց սիրիահայերի հետ կապված այս ժամանակահատվածում Հայաստանը պետք է ունենա նրանց ժամանակավոր աջակցության ծրագիր: Եվ երբ ասում են, որ սիրիահայերը չեն ուզում գալ Հայաստան, դա ինձ համար տարօրինակ է, որովհետեւ մենք ունենք տեղեկություն, որ «Արմավիայի»՝ Սիրիայից Հայաստան չվերթների բոլոր տոմսերը մինչեւ սեպտեմբեր ամիս արդեն սպառված են: Մինչդեռ Հայաստանից Սիրիա գնացող չկա: Եվ մեր պահանջն էր, որ «Արմավիա» ընկերությունը տոմսերի արժեքը իջեցնի մինչեւ ինքնարժեքի եւ չվերթներն ավելացնի այնքան, որքան անհրաժեշտ է: Առայժմ շաբաթական ընդամենը մեկ չվերթ են ավելացրել, տոմսը դարձյալ բավական թանկ է, եւ որեւէ հասարակական, բարոյական ճնշում չի ազդում. ընդամենը մի 70 հազար դրամով էժանացվեցին տոմսերը, ինչը դարձյալ շատ թանկ է: Բացի այդ, սիրիահայերի խնդրով պետք է ստեղծվեր միջկառավարական հանձնաժողով՝ առնվազն նախարարի ղեկավարությամբ, որպեսզի նրա լիազորություններն ավելի մեծ լինեին: Մինչդեռ առկա մարմնին այդ լիազորությունները տալու հարցում ձեւական բնույթ կա, որովհետեւ իրականում մենք գիտենք՝ սփյուռքի նախարարությունը չունի այդ ռեսուրսն ու այդ լիազորությունները՝ տվյալ հարցերը լուծելու համար:

«Առավոտ»– Պարոն Զաքարյան, Ձեր լիազորությունները ձեւակա՞ն են, այսօր ունե՞ք լիազորությունների պակասի խնդիր:

Ֆիրդուս Զաքարյան- Ես կարծում եմ, որ տիկին Կարինեն լիազորությունների անբավարարության մասին ասելով՝ նկատի ունի սիրիահայության խնդիրների այն ամբողջ ծավալը, որը կարող է տեսականորեն առաջանալ: Բայց այս պահի դրությամբ մեզ տրված լիազորությունները եւ ռեսուրսները բավարար են առկա խնդիրները պատճաշ կերպով լուծելու համար:

«Առավոտ»- Իսկ սփյուռքի նախարարությունը Սիրիայում ունի՞ սեփական աշխատակիցներ, որոնք տեղում հետեւում են իրավիճակին:

Ֆ. Զաքարյան- Այս պահի դրությամբ նախարարը Սիրիայում ունի հասարակական կարգով աշխատող խորհրդական, որը նախարարի հետ մշտական կապի մեջ է եւ տրամադրում է օբյեկտիվ տեղեկատվություն առկա իրավիճակի մասին: Բացի այդ, նախարարն ամենօրյա հեռախոսազրույցներ է ունենում սիրիահայ համայնքի ազգային իշխանությունների հետ, եւ մենք ճշգրիտ տեղեկատվություն ենք ստանում այնտեղի տրամադրությունների վերաբերյալ:

«Առավոտ»- Սփյուռքի նախարարությունն ասում է, որ եթե հանկարծ իրավիճակը շատ սրվի, այդ ժամանակ գործողություններն ու ծրագրերն այլ կլինեն: Իսկ այս պահին անհրաժեշտություն չկա մարդկանց օդանավերով զանգվածաբար Հայաստան տեղափոխելու…

Կ. Հակոբյան– Ես կարծում եմ, որ այլեւս եթե-ով խոսել չի կարելի, քանի որ մանավանդ Քոֆի Անանի՝ բանագնացի պաշտոնից հրաժարականը, ցույց է տալիս, որ հենց հիմա ամենասրված շրջանն է: Իմ կարծիքով՝ այս ամենը շատ երկար չի տեւելու, եւ հենց հիմա է ամենավտանգավոր ժամանակահատվածը: Ինչ լինելու է՝ լինելու է այս մեկ ամսվա ընթացքում: Եվ մենք կարող ենք ուշացնել:

Ֆ. Զաքարյան- Երբ որ Դուք ասում եք՝ թող սիրիահայերը հիմա գան, դա նշանակում է, որ մենք փորձում ենք որոշումներ կայացնել այն մարդկանց փոխարեն, ովքեր ապրում են Սիրիայում:

Կ. Հակոբյան- Ոչ թե որոշումներ կայացնել, այլ հնարավորություն, նպաստավոր պայմաններ ստեղծել: Մենք չենք կարող ազդել Սիրիայում ընթացող զարգացումների վրա, միակ բանը որ կարող ենք, դա սիրիահայության անվտանգության համար պայմաններ ստեղծելն է, որի պարտավորությունը Հայաստանի իշխանություններն ու հասարակությունն ունեն:

Ես ամոթից գետինն եմ մտնում, երբ մեր իշխանություններն ասում են, որ չեն ուզում գալ հայրենիք: Այսինքն՝ հայրենիքն այսօր ինչպիսի՞ն է, որ չեն ուզում գալ: Անգամ հետամնաց երկրներից, եկեք ընդունենք, որ Սիրիան վերջին հաշվով հետամնաց երկիր է, եւ անգամ այդ հետամնաց երկրից, անգամ ռումբերի տակից մարդիկ չեն ուզում գալ հայրենիք, ի՞նչ երկիր ենք մենք ուրեմն: Սա ամենահստակ գնահատականն է մեր երկրի:

«Առավոտ»– Եթե առաջիկայում Սիրիայում իրավիճակը դառնա այնպիսին, որ անհրաժեշտ լինի մեր հայրենակիցներին զանգվածաբար օդանավերով Հայաստան տեղափոխել, արդյոք Հայաստանը պատրա՞ստ է այդ ֆորս-մաժորային իրավիճակին, համապատասխան միջոցառումներ ձեռնարկվա՞ծ են:

Ֆ. Զաքարյան- Աստված չտա, որ նման բան լինի, բայց եթե անգամ լինի, ապա սիրիահայության մեծ մասը Հայաստան չի գալու՝ նրանք կգնան Լիբանան եւ այլ հարեւան երկրներ: Բայց նման բան չի լինելու, նրանք իրենց հայրենիքը չեն լքելու..

Կ. Հակոբյան- Այսինքն՝ մենք արդեն ընդունել ենք, որ Հայաստանը հայրենիք չէ իրենց համար, հա՞:

Ֆ. Զաքարյան- Ոչ, բնականաբար՝ հայրենիք է, բայց երբ մենք սիրիահային ասում ենք՝ արի Հայաստան, նա ասում է՝ այստեղ՝ Սիրիայում, ապրել են իմ պապերը:

«Առավոտ»– Վերադառնալով ֆորս-մաժորին պատրաստ լինելու հարցին՝ արվա՞ծ են նախապատրաստական միջոցառումներ:

Ֆ. Զաքարյան- Այն երկիրը, որը կարողացավ երկրաշարժից հետո ընդունել ադրբեջանաբնակ շուրջ 300 հազար փախստականներին, հաստատ համոզված եղեք, որ այս դեպքում էլ կկարողանա անել համապատասխան քայլեր, կարիք չկա այստեղ փակագծեր բացել:

Բանավեճը վարեց

ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

 

Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում:

Երկու գործիչների «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031