Լրահոս
Օրվա լրահոսը

Խեղված գաղափարներ

Օգոստոս 07,2012 13:02

Երբ 19-րդ դարի վերջում բարոն Պյեր դե Կուբերտենը առաջ էր քաշել Օլիմպիական խաղերի վերածննդի գաղափարը, նա դժվար թե կարողանար ենթադրել, որ այդ նախաձեռնությունը բազմաթիվ ձեւափոխումների ընթացքում ձեռք կբերի այսօրվա տեսքը: Պատմաբան, գրականագետ, մանկավարժ դե Կուբերտենի նպատակն էր սպորտի, առողջ ապրելակերպի, մարդու ներդաշնակ զարգացման քարոզը, նա ձգտում էր, որ աշխարհի երիտասարդները, որոնք սիրողաբար, ոչ թե փողի համար, զբաղվում էին սպորտով, հանդիպեն, շփվեն, մոռանան իրենց պետությունների եւ ազգերի միջեւ եղած հակասությունների մասին: Հիմա ասացեք խնդրեմ՝ իրականացվո՞ւմ է արդյոք այսօր Կուբերտենի այդ նպատակներից որեւէ մեկը:

Իհարկե՝ ոչ: Ոչ մի տեսանկյունից եւ ոչ մի չափանիշով ժամանակակից Օլիմպիական խաղերը չեն կատարում այդ առաքելությունը: Նախ՝ դրանք չէին հաշտեցնում աշխարհը, երբ այն բաժանված էր երկու հակադիր ճամբարների. ԱՄՆ-ը բոյկոտել էր Մոսկվայի 1980-ի Օլիմպիադան՝ խորհրդային զորքերի՝ Աֆղանստան ներխուժելու պատճառով, Սովետը բոյկոտել էր Լոս Անջելեսում կայացած հաջորդ Օլիմպիական խաղերը՝ ի պատասխան ամերիկյան բոյկոտի: Սպորտը վաղուց արդեն դարձել է քաղաքականության մաս. շատ լավ հիշում եմ, երբ 1972 թվականին հոկեյ էին խաղում կանադացի պրոֆեսիոնալները եւ խորհրդային «սիրողները», ամեն մի գոլ դիտվում էր որպես սոցիալիստական կամ կապիտալիստական համակարգի առավելությունների ապացույց կամ ժխտում: Նույնը՝ հիմա Օլիմպիական խաղերը. ազգերը, պետությունները ինքնահաստատվում են սպորտում իրար հաղթելով՝ դրա միջոցով ինչ-որ բան են իրար ապացուցում: Սպորտային մեկնաբաններն էլ՝ փոխանակ բուն խաղը կամ մրցումը լուսաբանեն, խորանում են ազգային հակասությունների մեջ:

Գուցե Օլիմպիական խաղերում իրար հետ են մրցում սիրողնե՞րը: Ամենեւին ոչ՝ նույնիսկ ձեւական սահմանափակումները վաղուց արդեն չեն գործում: Մրցումների ժամանակ մենք տեսնում ենք մարզիկների, որոնք իրենց ողջ կյանքը, բոլոր հոգեկան եւ ֆիզիկական ուժերը սպորտին են նվիրել, բացառապես դրանով են ապրում ու փող աշխատում, ընդ որում, մի մասը՝ շատ լավ փողեր: Իսկ պետություններն ու դրանց շահերը ներկայացնող հարուստները մեծ գումարներ են խոստանում հաղթանակների եւ մեդալների համար:

Գուցե Օլիմպիադան եւ մեծ սպորտը նպաստում են մարդկանց ներդաշնակ զարգացմա՞նը: Դա պարզապես ծիծաղելի պնդում է. ո՞վ կարող է ասել, որ օլիմպիական չեմպիոնուհի, չինացի ծանրամարտուհի, 130 կիլոգրամանոց Չժոու Լուլուն ներդաշնակորեն զարգացած աղջիկ է: Ոչ, նա պարզապես հաղթանակներ կռող մեխանիզմ է, որն ամեն անգամ ծանրաձողը բարձրացնելիս «չեստ» էր տալիս՝ հավանաբար, չինական պոլիտբյուրոյին:

Մեր փոքր երկրի համար էլ են Օլիմպիական խաղերը ինքնահաստատման միջոց. պատահական չէ, որ մենք մեր մեդալները համեմատում ենք նախեւառաջ Վրաստանի եւ Ադրբեջանի հետ: Փառք ու պատիվ Հռիփսիմեին ու Արսենին՝ համեմատելու բան կա:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031