ՀԱԿ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն առայժմ չի մեկնաբանում ՀՔԾ-ի որոշումը, որով երեկ դադարեցվել է «Հայ Ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի ակտիվիստներ Արեգ Գևորգյանի, Սահակ Մուրադյանի և Վահագն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը: Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում ՀԱԿ-ի երեք ակտիվիստների գործը քննվում էր 2011-ի օգոստոսի 9-ին Երևանի Տերյան փողոցում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված գործի հիման վրա, սակայն հետագայում այն անջատվեց Տիգրան Առաքելյանի ու 3-ի գործից: Իսկ հուլիսի 20-ին Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշմամբ, ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարի ազատազրկման, մյուս ակտիվիստներ Արտակ Կարապետյանը` 3 տարի ազատազրկման, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:
Գագիկ Ջհանգիրյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռեւս ծանոթ չեն ՀՔԾ-ի որոշմանը, չգիտեն թե ի՞նչ հիմքով է կարճվել գործը. «Այսօր, օրվա ընթցքում, տղաները պետք է գնան վերցնեն որոշումը: Կծանոթանաք, հետո մեկնաբանություններ կանենք»: ՀԱԿ ակտիվիստ Վահագն Գևորգյանն էլ նախորդ օրը Tert.am-ի հետ զրույցում ասել էր. «Ես ՀՔԾ որոշումն այսօր եմ ստացել, ու որքան տեղեկացա՝ կարճման համար հիմք է հանդիսացել ապացույցների բավարար չլինելը: Ես դեռ չեմ հասցրել փաստաբանների հետ քննարկել, սակայն ակնհայտ է, որ այս հիմքն ինձ չի բավարարում. մեր գործողությունների մեջ չի եղել հանցակազմ: Ու ոչ միայն մեր, այլև մյուս չորսի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ