2012 թ. օգոստոսի 8-ին՝ ժամը 13:30-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (հասցեն՝ ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 7 նիստերի դահլիճ) նշանակված է Արթուր Սաքունցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի գործով նախնական դատական նիստ (դատավոր` Ռուբեն Ափինյան):
Հիշեցնենք, որ հայցադիմում ներկայացնելու համար հիմք է հանդիսացել 2012 թ. մայիսի 25-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրված «Լրացուցիչ ժամանակ» սպորտային հաղորդումը, որտեղ հաղորդման հյուրը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, արտահայտվել է հետևյալ կերպ. «Երբ որ ես Վանաձորում ուզում եմ ֆուտբոլի դպրոցը կառուցեմ, ոչ մի ծառ, ոչ մի թուփ չկա, սարի վրա դպրոց եմ կառուցում, բայց չգիտես ինչի հայտնվեց Հելսինկյան մի հատ ինչ որ անհասկանալի օղերով մի հատ շան ծնունդ ու բռնեց դատի տվեց մեզ, քաղաքապետարանին, ավագանու որոշմանը, այդ թվում ֆեդերացիան էլ որպես երրորդ կողմ, պատասխանող կողմ: Հիմա դրանք մի քանի կոպեկ արտասահմաններից էդ գռանտները ստանում են, իրանց գռանտների հաշվին ցանկացած գեղեցիկ բան այսօր վարկաբեկում են»:
Հայցվորի ներկայացուցիչ Կարեն Թումանյանը 2012 թ. հունիսի 15-ին ուղարկած հայցադիմումում նշել է, որ «Լրացուցիչ ժամանակ» սպորտային հաղորդման ժամանակ Ռուբեն Հայրապետյանի կողմից նշված «Հելսինկյան մի հատ ինչ որ անհասկանալի օղերով մի հատ շան ծնունդ» արտահայտությունը արատավորում է Արթուր Սաքունցի պատիվն ու արժանապատվությունը:
2012թ հուլիսի 25-ին կայացած դատական նիստին պատասխանող կողմի ներկայացուցիչ` Ռուբեն Հայրապետյանի իրավապաշտպան Լուսինե Բակումյանը դիմել է դատարանին Արթուր Սաքունցի հայցադիմումը մերժելու խնդրանքով: Լսելով կողմերի ներկայացրած փաստերն ու պահանջները, դատավոր Ռուբեն Ափինյանը դիմել է հայցվոր կողմին, օրենքով սահմանված կարգով, այն է ողջամիտ ժամկետում համապատասխան ապացույցներ ներկայացնել դատարան:
Հայցվոր կողմը դատարանից պահանջում է Ռուբեն Հայրապետյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել Արթուր Սաքունցից, հետևյալ բովանդակությամբ.
«Ես` Ռուբեն Հայրապետյանս, 2012 թ մայիսի 25-ին հանրային հեռուստատեսության «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի եթերում թույլ եմ տվել ոչ պատշաճ, վիրավորական արտահայտություններ «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցի հասցեին, որի համար ներողություն են խնդրում», ինչպես նաև որպես փոխհատուցում Ռուբեն Հայրապետյանից հօգուտ Արթուր Սաքունցի բռնագանձել 10 (տասը) ՀՀ դրամ:
ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ