Թեեւ Լոռու մարզում գործազրկության մակարդակը հանրապետությունում բարձրերից մեկն է, այնուամենայնիվ, այս տարվա հուլիսի մեկի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մարզում գործազրկության մակարդակը նվազել է 0,9 տոկոսով` դառնալով 8, 6 տոկոս:
Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը նշում է, սակայն, որ գործազրկության բարձր մակարդակին զուգահեռ մարզում կան նաեւ թափուր աշխատատեղեր, որոնք կամ չեն լրացվում, կամ շատ դժվարությամբ են լրացվում:
«Այստեղ բավականին լուրջ անելիքներ ունենք, ինչպես այն իմաստով, որ երիտասարդները պետք է ակտիվ լինեն, այնպես էլ այն, որ մենք պետք է ավելի ակտիվորեն ներդնենք այն ծրագրերը, որոնք աշխատաշուկայում առաջարկի եւ պահանջարկի անհամապատասխանությունը կմեղմեն»:
Կենտրոնի տնօրենը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ այժմ երիտասարդների դիմելիությունը զբաղվածության կենտրոններ ավելացել է:
Կարդացեք նաև
«Եթե նախկինում երիտասարդները քիչ էին դիմում զբաղվածության կենտրոններ, ապա հիմա որոշակի ծրագրերի առումով եւ որոշակի ծրագրերում ներգրավվելու առումով երաշխիքներ են ստեղծվում, որ երիտասարդները դիմեն: Դա բավականին ուրախալի եւ խրախուսելի է: Եւ մենք ավելի շատ շեշտը դնում ենք երիտասարդների վրա»,-ասում է Առաքելյանը` մասնավորեցնելով, որ այս տարի կենտրոնում գրանցված գործազուրկների մեջ 25- 30 տարեկանների թիվը 1 տոկոսով աճել է ` դառնալով 1539:
Կենտրոնի ծրագրերում երիտասարդների ներգրավվածությունը Արա Առաքելյանի համոզմամբ կհեշտացնի հետագայում նրանց զբաղվածության խնդիրը լուծելու հարցում:
«Որպեսզի հետագայում մեկ գործը երկու չդառնա, մասնագիտական ունակությունները եւ որակները կորցրած մարդկանց հետ չաշխատենք, մենք հիմնական շեշտադրումը կատարում ենք երիտասարդների վրա, որպեսզի նրանք գործազրկության դեպքում արագ կարողանան տեղավորվել աշխատանքի»,-եզրափակում է Առաքելյանը:
Անուշ Բուլղադարյան
Վանաձոր