«Գնված ապրանքը հետ չի ընդունվում», այս արտահայտությունը կարող ենք կարդալ ամեն երկրորդ խանութում: «Առաջին հերթին սա իհարկե օրենքի խախտում է»,- «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցի հարցին ի պատասխան ասաց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը:
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ սպառողը իրավունք ունի փոխարինել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը 14 օրվա ընթացքում՝ չհաշված գնման օրը, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել: Սպառողն իրավունք ունի փոխարինել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը նմանօրինակ ապրանքով այն վաճառողի մոտ, ումից ձեռք է բերել ապրանքը, եթե նշված ապրանքը հարմար չէ ձևով, եզրաչափերով, գույնով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ, բացառությամբ կառավարության սահմանած անվանացանկով ապրանքների;
Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև վաճառված ապրանքի հետ սպառողին տրված ապրանքային կամ դրամարկղային չեկը:
Եթե սպառողի՝ վաճառողին դիմելու օրը վաճառքում նմանօրինակ ապրանքը բացակայում է, ապա սպառողն իրավունք ունի իր ընտրությամբ լուծել առուվաճառքի պայմանագիրը և պահանջել հետ վերադարձնելու նշված ապրանքի համար վճարված գումարը կամ փոխարինել այն նմանօրինակ ապրանքով՝ վաճառքում համապատասխան ապրանքի առաջին իսկ ստացման դեպքում:
Վաճառողը պարտավոր է ոչ պարենային ապրանքի փոխարինումը պահանջող սպառողին հայտնել վաճառքում այդ ապրանքի ստացման մասին:
«Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության կողմից իրականացվող շրջայցերի արդյունքում որոշ խանութներից հանվել են գնված ապրանքը հետ չի ընդունվում արտահայտությամբ գրությունները, և սա չնկատել չի կարելի»,- նշեց Կարեն Չիլինգարյանը:
«Փաստինֆո» գործակալություն
[…] https://www.aravot.am/2012/08/06/303653/ […]