Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրիում գրեթե բոլոր խանութպաններն ու կրիմինալ աշխարհի ներկայացուցիչները իրար «միս են ուտում» ազգի ջահելներին` իրենց տղաներին կամ փեսաներին ավագանու անդամ դարձնելու համար: Ոմանք էլ որոշել են առաջադրվել թիմով, օրինակ` մի խումբ մտավորականներ` «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը, իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանը, «Բիոսոֆիա» հ/կ նախագահ Գևորգ Պետրոսյանը և այլք , «Քաղաքը մերն է» կարգախոսով քաղաքացիական նախաձեռնություն են ստեղծել ու մտադրվել են ունենալ որակապես նոր` ինտելիգենտ ավագանի:
Մեր տեղեկություններով, այժմ ավագանու իր թիմն է հավաքում նաև Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բալասանյանը: Լինելով Գյումրու գարեջրի գործարանի հիմնադրամը` վերջինս պատրաստվում է ավագանի դարձնել իր աշխատակիցներին` գարեջրագործներին: Այս հարցում նմանապես ակտիվ է Գյումրու գործող քաղաքապետը` Վարդան Ղուկասյանը, ով նույնպես իր ավագանու թիմն է նախապատրաստում:
Չնայած մոտ 200 հոգի ցանկություն ունեն ավագանու անդամ դառնալու, սակայն այս պահի դրությամբ ընդամենը 3 հոգի են ներկայացրել իրենց փաստաթղթերը թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Նրանցից մեկը կուսակցական է, ընդ որում կին է, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ընտանիքին պատկանող «Տրանս ակնթարթ» ընկերության նախկին տնօրեն Անահիտ Խալաթյանն է, ով այժմ զբաղվում է ձեռներեցությամբ, իսկ մյուս երկուսը անկուսակցականներ են: Քանի որ թիվ 34 հանձնաժողովում պասիվ, կարել է ասել մեռյալ վիճակ էր, մենք այս ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է պայմանավորված սա: Նշենք, որ Գյումրիում սովորաբար ավագանու անդամ առաջադրվելը հարսանիքի նման մի բան է հիշեցնում. հատկապես թաղային հեղինակությունները հանձնաժողով են ներկայանում ծափահարողների մեծ շքախմբերով, ջիփերով, պարալիզացնում են երթևեկությունը, անանցանելի դարձնում հանձնաժողովի շրջակայքը: «Ես չէի ասի պասիվ են, պարզապես քաղաքացիները միայն անձնագրային բաժնի լիազոր տեղեկանքով չեն բավարարվելու, այսինքն ներկայացնելու են դիմում նախընտրական գրավի` 100 հազար չափի մասին, և ինչ-որ տեղ մենք պետք հաշվի առնենք շաբաթ-կիրակի օրվա հանգամանքը, երբ որ անձնագրային և բանկային համակարգը չի աշխատել», -ասաց նախագահը:
Նա հորդորեց թեկնածուներին շտապել և հնարավորինս շուտ ներկայացնել փաստաթղթերը, որպեսզի հանձնաժողովը կարողանա օրենքով սահմանված ժամանակում տեղավորվել ու կատարել իր պարտականությունները: Էդուրադ Բաղրամյանի տեղեկություններով, 30 հոգի արդեն իսկ տեղեկանք են վերցրել ոստիկանության անձնագրային բաժնից` ավագանու թեկնածություն առաջադրելու համար:
Կարդացեք նաև
Մենք նրանից նաև հետաքրքրվեցինք, թե դիմումատուները հո տառասխալներով չե՞ն գրել դիմումները. նախորդ տարիներին հանձնաժողովի նախագահները հաճախակի էին բողոքում, որ մարդիկ իրենց անուն-ազգանունը գրել չգիտեն, սակայն պատրաստվում են գյուղապետ կամ ավագանու անդամ դառնալ: Էդուրադ Բաղրամյանն ասաց, որ դիմամատուների տվյալները հատ-հատ ստուգել են անձնագրում եղած տվյալների հետ, և նման դեպք դեռևս չի նկատվել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ