Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ, ադրբեջանցի եւ շվեդ ու ֆինն երաժիշտները ելույթ կունենան Ալանդյան կղզիներում

Օգոստոս 06,2012 18:28

Կովկասյան ու սկանդինավյան համատեղ համերգի ազդագիրը

Օգոստոսի 10-ին Ալանդների  Մարիեհամն քաղաքի հրապարակի բեմում կկայանա «Խաղաղության ձայները»  համերգը, որին մասնակցելու են երաժիշտներ Հայաստանից, ԼՂՀ-ից, Ադրբեջանից, Շվեդիայից եւ Ֆինլանդիայից; Այս համերգի նախաձեռնությունը Ալանդյան կղզիների Խաղաղության ինստիտուտինն է, որի ղեկավարը՝ Սիա Սպիիոպոլու Ամերմարկն այսօր ասաց, թե դեռ երեք տարի առաջ են հղացել այս գաղափարը, սակայն դժվար էր գտնել ճիշտ մարդկանց: Նախագիծն իրականացվել է Հայաստանում գործող Հանրային լրագրության ակումբի, «Ինտերնյուս» կազմակերպության ադրբեջանական գրասենյակի եւ Ուփսալայի Արտաքին քաղաքականության ասոցիացիայի միջոցով:

Ալանդյան կղզիների Խաղաղության ինստիտուտի ղեկավարը

Նախաձեռնության նպատակները, ըստ Խաղաղության ինստիտուտի ղեկավարի՝ հետեւյալն են. նախ ոչ միայն խորացնել շփումները երկու երկրների միջեւ, մտքեր փոխանակել հակամարտության կարգավորման մասին, այլ նաեւ ավելացնել սոցիալական ու մասնագիտական կապերը Սկանդինավյան եւ Կովկասյան երկրների միջեւ, ու ցույց տալ, թե խաղաղության հաստատման ինչ գործընթաց են անցել իրենք Ալանդներում:

Հայաստանի ներկայացուցիչները

Հիշեցնենք՝ Ալանդները Ֆինլանդիայի մաս են կազմում, բայց սեփական կառավարությամբ՝ ունեն իրենց դրոշը, նամականիշը, ավտոմեքենայի համարները եւ համացանցային դոմեյնը: Եվ այստեղ համահավասար գործածվում է նաեւ շվեդերենը: Ալանդներում մոտ 6500 կղզիներ կան, որոնցից  60-ն են բնակեցված: Բնակչությունը մոտ 28 հազար է, որոնցից  11 հազարն ապրում են Մարիեհամնում՝ Ալանդների միակ քաղաքում:

Ադրբեջանի ներկայացուցիչները

Համերգը համատեղ իրականացվող միակ միջոցառումը չէ: Հայերը, ադրբեջանցիները, շվեդներն ու ֆինները միասին օգոսոստի 9-ին նաեւ ներկայացում են ցուցադրելու, մասնակցելու քննարկումների՝  «Կովկասը շվեդացիների աչքերով», «Ֆիննական տեսակետները եւ գերակայությունները կովկասյան զարգացումներում», այցելելու Ալանդների խորհրդարան ու կառավարություն եւ այլն:

«Հելսինկյան նախաձեռնություն-92» ԼՂ կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը

Ւսկ այսօր երեկոյան ներկա կլինեն Հիրոսիմայի օրվա առիթով կազմակերպվող հիշատակի արարողությանը, որն ըստ Խաղաղության ինստիտուտի աշխատակիցների՝ նաեւ հետեւյալ խորհուրդն ունի. չնայած ստացած այդ դաժան դասին՝ շարունակվում է սպառազինության մրցավազքը:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Մարիեհամն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031