Այս տարի ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոն է դիմել սեռական բռնության ենթարկված 7 անչափահաս, նախորդ տարվա 3-ի փոխարեն: Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով, նախորդ տարվա համեմատ այս տարի աճել են անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքերը: Եթե անցած տարի սեռական բնույթի 33 դեպք էր գրանցվել, ապա այս տարի՝ 43:
«Պաշտոնական թվերում հաշվում են այն դեպքերը, որոնք ընթացք են ստացել, բայց կան իրավիճակներ, որոնք ընթացք չեն ստանում, որովհետեւ բողոքողները չկան: Երբեմն ծնողները լեզու են գտնում բռնարարների հետ եւ չեն էլ ուզում դիմել ոստիկաններին ու հաջորդ պահին հերքում են, երբեմն մեզ հետ էլ են վեճի բռնվում ու ասում են՝ երեխայիս տվեք, հետ եմ տանում: Թվերը կարող են ավելին լինել, որովհետեւ բողոքող կողմը երբեմն ոչ ադեկվատ է իրեն պահում »,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը:
Ըստ նրա՝ Հայաստանում չկան բռնաբարված երեխային օգնելու ձեւերը, բոլորը մատնացույց են անում բռնաբարված երեխային, ու ծնողը ամենեւին էլ չի շահում դեպքը բացահայտելով.«Զոհին օգնելու միջոցները չկան, այդ վիճակից հանելու ձեւերը, ծառայությունները չկան, հասարակության մեջ ընկալումն էլ զոհի հանդեպ շատ մեղադրող է: Սեռական բռնությունների պարագայում զոհը հետագայում զրկվում է սոցիալական հեռանկար ունենալու հնարավորությունից, որովհետեւ ոչ մեկն այդպիսի աղջկան հարս չի տանի, չի ամուսնանա, դրա համար ծնողները գերադասում են, որ կեղտը մնա տան մեջ, քան թե ավելի շատ մարդիկ իմանան, աղմուկ լինի: Նրանց կարելի է հասկանալ, բայց դժվար է արդարացնել»:
Կարդացեք նաև
Տիկին Անտոնյանի խոսքերով՝ միայն թվեր հրապարակելը քիչ է, Հայաստանում գոնե մեկ կենտրոն է հարկավոր՝ բռնության հետեւանքով լուրջ խնդիրներ կրած երեխաների հետ աշխատելու համար.«Ինչքան ասես մանկատուն ենք պահում, խնամքի կենտրոն, հատուկ դպրոց ենք պահում, բայց բռնությունների ենթարկված լուրջ խնդիրներ տարած երեխաների համար ոչ մի կենտրոն, առավել եւս՝ պրոֆեսիոնալ, չունենք: Ոստիկանության արած գործի կողքին անմիջապես պետք է լինի սոցիալական ծառայությունների գործը: Ոստիկանության գործը, հավանաբար, բացահայտելն ու հանրությանը իրազեկելն է , սոցիալական ոլորտի գործն է այս դեպքերի մասին հոգ տանելը: Այդ շարունակականությունը չեմ տեսնում… իսկ արժե՞ հրապարակել, ի՞նչ է փոխվում դրանից»:
Տիկին Անտոնյանը նկատեց, որ անչափահասներին բռնաբարողների մեջ նաեւ անչափահասներ կան, բայց հիմնականում տարեց տղամարդիկ են. «Համար մեկ պատճառը սա է, համարյա համոզված են, որ չի բացահայտվի, կմնա գաղտնիք: Օգտվում են երեխայի հանդեպ իրենց առավելությունից, երեխան չի հասկանում նրա վավաշոտ ցանկությունների նպատակակետը, ու նրանց հաջողվում է հեշտությամբ համոզելով, գայթակղելով երեխայից ուզել այն, ինչ չես ուզի զուգընկերուհուց: Սոցիալական նորմերի փոփոխություն է : Հասարակության մեջ միշտ էլ կան մարդիկ, որոնք նորմեր չեն հարգում, եթե նրանք մտածեն , որ հանցագործություն են անում, չեն անի : Նրանք օգտվում են երեխայի խոցելի վիճակից, օգտվում են առիթից »:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ