Այսօր ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով հանձարարվել է ևս մեկ անգամ ուսումնասիրել այլ երկրների փորձը՝ պարզելու համար, թե այլ երկրներում, արդյո՞ք, կարիճի բոլոր տեսակների կծածի դեմ կիրառվում է հակաթույն:
«Ամբողջ խնդիրն այն է, որ կարիճի ո՛չ հակաթույն կա, ո՛չ վակցինացիա է արվում: Օրինակ՝ Աֆրիկայում կարիճների համար ստեղծված է հակաթույն, սակայն այն չի կարող ազդեցություն ունենալ, քանի որ մեր տարածաշրջանի կարիճներն իրենց առանձնահատկությունն ունեն»,- Tert.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարության լրատվության բաժնից:
Հիշեցնենք, որ կարիճի խայթոցի թունավորման ախտանիշներով երեկ Արարատի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Արարատի մարզի Արարատ գյուղի 5-ամյա բնակչուհի Օվսաննա Հակոբյանը։ Առաջին բուժօգնություն ստանալուց հետո, ծայրահեղ ծանր վիճակում նա տեղափոխվել էր «Մուրացան» հիվանդանոց, որտեղ էլ ավելի ուշ մահացել էրԼ
Առողջապահության նախարարության լրատվության բաժնից հավելեցին, որ մահացած երեխային ցույց է տրվել ճիշտ բուժօգնություն՝ և՛ մասնագիտական, և՛ ժամանակային տեսանկյունից. քսան րոպե անց Արարատի մարզում երեխային միացվել է արհեստական շնչառության ապարատ, Երևանից կանչվել են «Շշտապօգնության» հատուկ մեքենաներ, սակայն երեխայի թունավորումը շատ ուժեղ է եղել:
Երեխային խայթել է հայաստանյան չորս տեսակի կարիճներից ամենաթունավորը, որն ունի «հաստապոչ» անվանումը:
Tert.am