ՀՀ վճռաբեկ դատարանը, դատավոր Ե. Խունդկարյանի նախագահությամբ, քննարկելով Հայկ Բաբուխանյանի եւ “Իրավունք մեդիա” ՍՊԸ-ի` ընդդեմ “Խմբագիր” ՍՊԸ-ի (Report.am կայքէջ) եւ Էդիկ Անդրեասյանի` պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2012 թվականի որոշման դեմ բերած վճռաբեկ բողոքը, որոշեց վերադարձնել այն: Վճռաբեկ դատարանը հիմնավորում է, որ վճռաբեկ բողոքը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին եւ 3-րդ ենթակետերի պահանջներին:
Հիշեցնենք, որ նախ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Հայկ Բաբուխանյանի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության մասին պահանջն ընդդեմ Report.am-ի (“Խմբագիր” ՍՊԸ-ի) և Էդիկ Անդրեասյանի: Այնուհետեւ դատարանը մերժեց վերաքննիչ բողոքն ընդդեմ Էդիկ Անդրեասյանի և Report.am կայքի:
Նշենք, որ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը դատի էր տվել Report.am կայքէջին եւ լրագրող-վերլուծաբան Էդիկ Անդրեասյանին: Պատճառը վերոնշյալ կայքէջում հրապարակված Էդիկ Անդրեասյանի “Իրավունքի իրավունքը Հայկ Բաբուխանյանի սրի ծայրին է” հոդվածն է:
Հավելենք նաեւ, որ Հայկ Բաբուխանյանը Երեւանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացրել եւս մեկ հայց` ընդդեմ Report.am-ի եւ Էդիկ Անդրեասյանի: Պատճառը “Երբ զոռով հուշում են անհուշելին” հոդվածն էր եւ նույն հոդվածի շուրջ ընթերցողներից ստացված արձագանքները: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Ա.Մելքումյանի նախագահությամբ, մերժել էր հայցը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Կարդացեք նաև
Report.am