Իսլանդիայի Միննի Բորգիր և Ռեյկյավիկ քաղաքներում Եվրոպական երիտասարդական հիմնադրամի (European Youth Foundation) ֆինանսավորմամբ և Եվրոպական երիտասարդական ակումբների համադաշնության (ECYC) աջակցությամբ տեղի ունեցավ «Մարդու Իրավունքների բնույթը» (The Nature of Human Rights) խորագրով միջազգային սեմինարը, որում Հայաստանը ներկայացնում էր «Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ-ն (FYCA): Ծրագրին մասնակցում էին Բելգիայի, Հայաստանի, Ռուսաստանի, Չեխիայի, Մեծ Բրիտանիայի, Կիպրոսի, Շվեդիայի, Նորվեգիայի և Իսլանդիայի հասարակական կազմակերպությունների 23 երիտասարդ: Ծրագրում որպես դասավանդողներ հանդես էին գալիս Իսլանդիայի SAMFES կազմակերպության դասավանդողներ Բյարնի Թորդարսոնը, Գուննար Սիգուրբյորսոնը, Սիլլա Եստեինսդոտիրը, Հայաստանից` Երիտասարդական ակումբների դաշնության ներկայացուցիչ, մարդու իրավունքներ ուսուցանող Նելլի Գիշյանը, Բելգիայից` FORMAT կազմակերպության ներկայացուցիչ Ռոբին Վան Դերը, Շվեդիայից` Եվրոպական երիտասարդական ակումբների համադաշնության դասավանդող Ասա Մարգարիտա Մորենը:
Ծրագրի ընթացքում երիտասարդներին ոչ ֆորմալ կրթության տարաբնույթ ձևաչափերով դասավանդվեց մարդու իրավունքները, դրանց բնույթն ու այն համակարգող մեխանիզմները:
Սեմինարն իր բնույթով առանձնանում էր լսարանային դասավանդման ձևերից, քանի որ ոլորտի վերաբերյալ տարբեր գիտելիքներ մատուցելուց բացի, այցելություններ իրականացվեցին Իսլանդիայում գործող տարբեր երիտասարդական ակումբներ, որն էլ մասնակիցներին հնարավորություն տվեց ոչ միայն ոլորտին քաջատեղյակ երիտասարդների միջոցով ծանոթանալ տեղի խնդիրներին, այլ նաև քննարկումների միջոցով փոխանակել նաև իրենց երկրի փորձը և կատարել համապատասխան եզրակացություններ: Ծրագիրը գրավիչ և յուրօրինակ էր նաև նրանով, որ մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցելու արշավի, որը համատեղվեց մարդու իրավունքների ոլորտին վերաբերող իրենց գիտելիքները հարստացնելու հնարավորութամբ` իրենց իսկ կողմից նախօրոք պատրաստված խմբային աշխատանքների ներկայացման միջոցով, իսկ բնության գրկում գտնվելն իր հերթին օգնեց, որպեսզի քննարկումներն առավել անկեղծ բնույթ կրեն:
Ծրագրի ժամանակ եղան այցելություններ Իսլանդիայի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, ինչպես նաև ԵԽ Եվրոպական երիտասարդական հիմնադրամից: Վերջինս ներկայացրեց Եվրախորհրդի հիմնական նպատակներն ու խնդիրները, առաջիկա անելիքները, որը մասնակիցների շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրեց:
Ծրագիրը եզրափակվեց յուրահատուկ երեկույթով, որտեղ նաև տոնվեց Եվրոպայի Երիտասարդական հիմնադրամի քառասնամյակը: Վերջինս հիմնադրվել է 1972 թվականին և մինչև օրս աջակցում է նմանատիպ հրաշալի երիտասարդական նախաձեռնությունների իրականացմանն ու կայացմանը: Հայաստանում Հիմնադրամի աջակցությամբ բազմաթիվ ծրագրեր է իրականացրել Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA)` դառնալով կովկասյան տարածաշրջանի առաջատարն իրականացրած ծրագրերի և մասնակից երիտասարդների քանակով:
Նելլի Գիշյան
Ռեյկյավիկ-Երևան
ԵԱԴ քարտուղարություն