Լոռու մարզի գյուղական համայնքներն այսօր անմխիթար վիճակում են՝ հատկապես երիտասարդության զբաղվածության կազմակերպման տեսակետից: Այդ մասին «Առավոտի» հետ զրույցում «Մարզային երիտասարդության ակտիվ մասնակցություն հանրային գործընթացներում» հետազոտական-ուսուցողական ծրագրի շրջանակներում կազմակերպված եռօրյա դասընթացի ժամանակ ասաց «Երիտասարդական ալիք» ՀԿ նախագահ Ռազմիկ Սարդարյանը:
«Երիտասարդների կարողությունների եւ հմտությունների զարգացում» խորագիրը կրող դասընթացի ընթացքում Լոռու մարզի բոլոր տարածաշրջաններից ընտրված թվով 20 երիտասարդ, որից 4-ը՝ վանաձորցի, ձեռք կբերեն դրամաշնորհային ծրագրեր գրելու հմտություններ, կսովորեն գործատուին սեփական հնարավորություններն ու հմտությունները ներկայացնելու գաղտնիքները, ինչպես նաեւ կտիրապետեն աշխատանք փնտրելու մեթոդներին: Ծրագիրն իրականացնում է «Երիտասարդական ալիք» ՀԿ-ն ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:
«Անկախ նրանից, թե ինչ համայնք է ներկայացնում մասնակիցը` գյուղական թե քաղաքային, բոլորին հետաքրքրում են աշխատելու, աշխատանք գտնելու հնարավորությունները»,-թեմաների գերակշիռ մասի աշխատանքային լինելու պատճառների մասին է պատմում Ռազմիկ Սարդարյանը:
Կարդացեք նաև
«Այսօր իսկապես խնդիր է աշխատանքի եւ ժամանցի վայրերի բացակայությունը: Երիտասարդները այնքան էլ ակտիվ չեն, չնայած որ շատ բան կախված է երիտասարդներից: Ակնկալում եմ դասընթացից ստանալ այն բոլոր գիտելիքները, հմտությունները, որոնց շնորհիվ կարելի է ակտիվացնել վանաձորի երիտասարդներին, նրանց համախմբել մեկ գաղափարի շուրջ»,- ասում է վանաձորցի 20 –ամյա Նարինե Հակոբյանը:
Նա մեծ ցանկություն ունի Վանաձորում ժամանցի կենտրոններ տեսնել, իսկ քաղաքում սահադաշտ ունենալու միտքը ոգեւորում է նրան:
Ծրագրի ավարտին «Համայնքային զարգացման միկրոծրագրերի» մրցույթի ամփոփման ժամանակ էլ հայտնի կդառնան ֆինանսավորվող այն հինգ միկրոծրագրերը, որոնց իրականացմամբ դասընթացի մասնակիցները կկիրառեն ձեռք բերած գիտելիքները եւ անմիջականորեն կներգրավվեն խնդիրների լուծման գործընթացներին:
Նարինեն հույս ունի, որ սահադաշտ ունենալու ծրագիրը եւս կընդգրկվի ֆինանսավորվող 5 միկրոծրագրերի շարքում:
Անուշ Բուլղադարյան