Սյունիքի մարզի համայքներում սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ հերթական ընտրությունների թեկնածուների առաջադրումների մեկնարկը տրվեց երեկ, սակայն ինչպես տեղեկացնում են թիվ 37 եւ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից, առաջադրումների առաջին օրը` օգոստոսի 5-ին, ոչ մի առաջադրում չի եղել: Սեպտեմբերի 9-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու մարզի 109 համայնքից 94-ում, որից 76-ում համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ են նշանակված, 12 համայնքներում` միայն ավագանու, իսկ 6-ում`միայն համայնքի ղեկավարի:
Քաղաքապետի ընտրություններ կանցկացվեն Սյունիքի բոլոր քաղաքներում` բացի Գորիսից: Շատ թվով թեկնածուներ են սպասվում Մեղրու քաղաքապետի պաշտոնի համար, իսկ Կապանում, ամենայն հավանականությամբ, կպայքարեն միայն 3 թեկնածու` գործող քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արտուր Աթայանը, նախկին քաղաքապետ, անկուսակցական Գագիկ Աթաջանյանը եւ «Հայփոստ» ՊՓԲԸ Կապանի փոստային մասնաճյուղի տնօրեն Աշոտ Հայրապետյանը, ովքեր նախապես հայտարարել են իրենց առաջադրման մասին:
Ինչպես տեղեկացնում են թիվ 38 ԸԸՀ-ից` Կապանում նախնական տվյալներով կա 30 հազար 581 ընտրող, իսկ ընտրությունները կանցկացվեն 21 ընտրատեղամասում:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև