Լրահոս
Օրվա լրահոսը

Գույքագրվում են մայրաքաղաքում գործող ավտոկայանատեղիները

Օգոստոս 06,2012 14:27

Հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով մայրաքաղաքում ավտոկայանման համար գանձվող գումարների մասով քաղաքացիների կողմից բարձրացվող դժգոհություններին, նշել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գույքագրում և ուսումնասիրում է ավտոկայանման համար տրամադրված բոլոր պայմանագրերը, այդ թվում նաև պարզելու համար, թե արդյոք միայն տրամադրված տարածքում է իրականացվում տվյալ գործունեությունը:

«Այսօր մայրաքաղաքի հատկապես Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղերի հետ կապված խայտառակ իրավիճակ է: Ավտոմեքենան դեռ չկայանած գումար են պահանջում: Ընդ որում, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրության արդյունքները, շատ հաճախ անօրինական գումարներ են գանձվում մեր քաղաքացիներից: Երկու-երեք օր է, ինչ համապատասխան աշխատանքային խումբը գույքագրման աշխատանքներ է իրականացնում այդ ուղղությամբ և մոտ 80 տոկոսով պակասել է կենտրոնում գումար գանձողների թիվը: Մեր նպատակն այն է, որ մեր քաղաքացիները կարողանան հանգիստ կայանեն իրենց մեքենաներն ու մտնեն խանութ կամ սրճարան և, ընդհանրապես, ուր ցանկանան: Ոչ ոք իրավունք չունի որտեղ պատահի գումար գանձի ավտոկայանման համար»,- ընդգծել է քաղաքապետը և հանձնարարել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին այդ ուղղությամբ հետևողական աշխատանք տանել ու բացահայտել ապօրինի գումար գանձողներին և ճանապարհային ոստիկանության ու Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ օրենքով սահմանված կարգով քայլեր ձեռնարկել դրանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, ընդհուպ ապօրինի գումարներ գանձելու համար քրեական պատասխանատվության ենթարկում: Այս մասով Տարոն Մարգարյանը նաև տրանսպորտի վարչության պետին է հանձնարարել ճանապարհային ոստիկանության հետ համատեղ մշակել ավտոկայանատեղիների համար սահմանված վայրերի քարտեզն ու ըստ այդմ կնքել նոր պայմանագրերը:

Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչությանը և վարչական շրջանների աշխատակազմերի սոցիալական բաժիններին քաղաքացիների կողմից ուղղված դիմում-բողոքներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել դրանք և հստակ քայլեր ձեռնարկել դրանց ընթացք տալու ուղղությամբ. «Հատկապես սոցիալապես անապահով մեր բնակիչների կողմից բարձրացվող որևէ հարց անպատասխան չպետք է մնա: Սա հստակ պահանջ է, որով պետք է առաջնորդվեն բոլոր սոցիալական ծառայությունները»,- ընդգծել է քաղաքապետը և հորդորել այս հարցում լինել խիստ և հետևողական:

Քաղաքապետին զեկուցվել է, որ շարունակվում է հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի ուղղությամբ ամենօրյա հսկողությունը: Բացի այդ, ընթացքի մեջ է նաև Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը:

Անդրադառնալով քաղաքապետարան – վարչական շրջաններ – համատիրություն համատեղ ծրագրով իրականացվող բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքների ընթացքին` կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ արդեն վերանորոգվել է 875 շքամուտք: Զեկուցվել է նաև, որ աշխատանքների որակի ապահովման նպատակով կատարվում են ստուգայցեր և հայտնաբերված թերությունները տեղում վերացվում են:

Սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են մայրաքաղաքի կենտրոնական փողոցների, այգիների ու պուրակների ցայտաղբյուրների վերանորոգման ու վերագործարկման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ծրագրում ներառվել և բարեկարգվում են նաև բակային տարածքներում առկա ցայտաղբյուրները:

 

Երևանի արտաքին տեսքի բարեկարգման 2012թ-ի ծրագրի շրջանակում արդեն  ավարտվել են շուրջ վեց տասնյակ կամարանցումների բարեկարգման ու նկարազարդման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ լրացուցիչ ծրագրով մինչև տարեվերջ կբարեկարգվեն ու կնկարազարդվեն նաև երևանյան դեռևս չնկարազարդված մյուս բոլոր կամարանցումները ևս, որով էլ ծրագիրը կամբողջանա:

 

Զեկուցվել է, որ ավարտական փուլում են մայրաքաղաքի այգիներում և պուրակներում գիշերային լուսավորության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնք իրականացվում են տարածքները վարձակալած տնտեսվարողների հետ համատեղ:

Անդրադառնալով բացօթյա ապօրինի առևտրի արգելման և կանխարգելման աշխատանքներին, ինչպես նաև ապօրինի շինությունների քանդման և հողազավթումների կանխման գործընթացին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը  համապատասխան կառույցների առջև խնդիր է դրել հետևողականորեն շարունակել աշխատանքները:

Զեկուցվել է, որ մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում շարունակվում են  բազմաբնակարան շենքերի պատերին, հենասյուներին և հասարակական նշանակություն ունեցող այլ վայրերում փակցված հայտարարությունների ու պաստառների մաքրման աշխատանքները: Քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկայում սահմանազատված վայրերում հայտարարությունների համար կտեղադրվեն համապատասխան ցուցատախտակներ:

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են նաև  ամենշաբաթյա շաբաթօրյակները, որոնց շրջանակում իրականացվում են բակերի և դրանց հարակից տարածքների սանմաքրման աշխատանքներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031