Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայ համայնքը Սիրիայում չի վերանա

Օգոստոս 06,2012 14:19

Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո  Մանոյանի համոզմամբ, չնայած Սիրիայում ստեղծված ճգնաժամային պայմաններին,  սիրիահայ համայնքը կշարունակի մնալ Սիրիայում: «Սիրիայում սիրիահայ համայնքը ավելի մեծ է, քան Իրաքում, եւ կարծում ենք, որ եթե նույնիսկ արտագաղթ լինի, չի հասնի այն ծավալների, որ համայնքը գոյություն չունենա, որովհետեւ համայնքը նոր չէ: Հալեպում 7-8 հարյուր տարվա հայկական եկեղեցի կա, սիրիահայ համայնքն էլ շատ ռեժիմներ ու իշխանություններ է տեսել: Այդ բոլորը հաշվի առնելով՝ սիրիական համայնքը կշարունակի մնալ Սիրիայում: Դրա համար պետք է աջակցել, որ հնարավորինս քիչ կորուստներով դուրս գա եւ կարողանա կենսունակ լինել  այդ համայնքում», -այսօր  «Փաստարկ» ակումբում ասաց պարոն Մանոյանը:

Նա, անդրադառնալով դժգոհություններին, թե սիրիահայերը ցանկանում են վերադառնալ Հայաստան, բայց այդ  ողղությամբ Հայաստանում պետական մակարդակով քայլեր չեն ձեռնարկվում,  ասաց.«Պետք չէ տպավորություն ստեղծել, որ բոլոր սիրիահայերը ուզում են գալ Հայաստան, իսկ մենք ոչինչ չենք անում, որովհետեւ նման ցանկություն չկա… այսպիսի իրավիճակներում լավագույն քայլը չէ թողնել ու երկրից դուրս գալ: Մենք այդպիսի տեղեկություն չունենք, որ Սիրիայում  բոլորը դուրս գալու պատրաստ են, այդպիսի փաստ, ցանկություն չկա,  ու նման հայտարարությունները վնասակար են»:

Պարոն Մանոյանը բացատրեց նաեւ, թե ինչու սիրիահայերի մի մասը չի ցանկանում իշխանափոխություն.«Ինչ-որ երաշխիքներ այս ռեժիմից ստացել է համայնքը: Անորոշությունից ասում են՝ չգիտենք եկողն ինչ կանի, կարծում եմ՝ խնդիր չկա, որ եթե իշխանությունը փոխվի, անպայման վատ կլինի համայնքի համար, որովհետեւ հիմնական քաղաքական ուժերը հասկանում են, որ կրոնական կամ ազգային փոքրամասնություններին  ձեռք տալն այնքան էլ իրենց ձեռնտու չէ»:

Նա նաեւ կարծում է, որ ԱՄՆ-ում էլ Սիրիայի հարցը օրակարգային չէ. «Միացյալ նահանգներն  ավելի շատ  տարված են նախ  իրենց ներքին հարցերով: Նախ՝ ընտրական  շրջան է, երկրորդ՝ այլ հարցեր ունեն տարածաշրջանում,  որոնք դեռ լուծված չեն: Մեկ բան պարզ է, կարծես ԱՄՆ-ն շատ խանդավառ չէ, որ Թուրքիան ռազմական ներխուժում կատարի դեպի Սիրիա: Ոչ միայն Թուրքիան,  այլեւ Արեւմուտքը, ՆԱՏՕ-ն, բայց դա չի արգելում , որ  Թուրքիան շատ ակտիվ ձեւով ռազմականորեն մասնակից դառնա գործողություններին:  Ասում են ՝ արդեն  Ադանայում հիմնված  է Սիրիայի ազատ բանակի կենտրոնատեղին… այսինքն,  Թուրքիան ակտիվ մասնակից է, իսկ Միացյալ նահանգները փորձում է դեպքերի հետեւից վազել»: Պարոն Մանոյանի խոսքերով՝ եթե Իրաքում քրդական ինքնավարության հովանավորը ինչ-որ չափով ԱՄՆ-ն է, ապա  հնարավոր է,  որ Սիրիայում էլ նույն իրավիճակը ստեղծվի .« Ինչը կնշանակի որոշ չափով զսպել Թուրքիային: Ինչ վերաբերում է հայ համայնքի անվտանգության հարցերին, ժամանակը ցույց կտա՝  ինչ անհրաժեշտություն ու զարգացումներ կլինեն»

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031