Լրահոս
Օրվա լրահոսը

«Արթիկը հո Գյումրի չէ՞, որ իրար գլուխ ջարդեն քաղաքապետ դառնալու համար»

Օգոստոս 06,2012 13:27

Մուշեղ Պետոյան

Օրերս  Aravot.am-ի հետ զրույցում արթիկցիները հավաստիացնում էին, որ  իրենց քաղաքում ևս պայթունավտանգ ընտրություններ են սպասվելու: Պատճառն, ըստ նրանց,  այն է, որ  հին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանը   ևս առաջադրելու է իր թեկնածությունը` գործող քաղաքապետից` միլիարդատեր Խաչատուր Վարագյանից, հետ խլելու համար իր երբեմնի աթոռը:

Այստեղ ևս հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում այն առումով, որ միմյանց  հետ մրցելու են մեծ շրջապատ ունեցող, փող ու պաշտոն  տեսած երկու ՀՀԿ-ականներ: Արթիկցիների ասելով, հին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանին սատարում է  նրա ընկերը` Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, իսկ Վարագյանի  թիկունքին կանգնած է ՀՀ գլխավոր դատախազը` Աղվան Հովսեփյանը, ով մտերիմ հարաբերություններ ունի Վարագյանի` Ղազախստանում բնակվող օլիգարխ եղբոր հետ:

Տեղաբնակների մատուցմամբ,  հին քաղաքապետի կողմնակից է նաև ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանը, ով ևս մեծ շրջապատ ունի Արթիկում, ի շնորհիվ իր եղբոր մասնավորապես նրան է ծառայում գողական աշխարհը: Բնակիչների ասելով՝ քանի որ ԱԺ ընտրությունների ժամանակ նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանը սատարել է մեծամասնական ընտրակարգով առաջադրված Մուշեղ Պետոյանին,  ապա  այժմ Մուշեղ Պետոյանը իր հերթին պարտավորվում է  սատարել նրան: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը ԱԺ ընտրությունների ժամանակ կարողացավ հաղթել այս տարածաշրջանի  10 տարվա  պատգամավորին` Մխիթար Վարագյանին, ով Արթիկի քաղաքապետի հարազատ եղբայրն է:

Aravot.am-ն այսօր ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանից ճշտեց, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այս խոսակցությունները, մի՞թե ԲՀԿ-ն Արթիկի քաղաքապետի պաշտոնի համար սեփական թեկնածու չունի, որ մտադրված է սատարել ՀՀԿ-ական Հմայակ Աբրահամյանին: Պատգամավորը տեղեկացրեց, որ ԲՀԿ-ի քաղաքական խորհուրդը դեռ որոշում չի կայացրել  Արթիկի քաղաքապետի պաշտոնի համար  թեկնածու առաջադրելու, թեև, իրենք ունեն համապատասխան մարդ, պարզապես այս պահին նպատակահարմար չէ  հրապարկել նրա  անունը: «Իսկ ինչ վերաբերում է Արթիկի նախկին քաղաքապետ  Հմայակ Աբրահամյանին սատարելուն, ես ասեմ, որ նա ԱԺ ընտրությունների  ժամանակ ինձ  բացարձակապես չի սատարել, նա Հանրապետական կուսակցության պատասխանատուն էր Արթիկում, քաղաքի միջով  անցնող երկաթգիծը երկու մասի էր բաժանում այն, երկաթգծից այն կողմ ՀՀԿ-ի  պատասխանատուն Հմայակ Աբրահամյանն էր: Այնպես որ ես ոչ մեկին պարտավորված չեմ», -ասաց պատգամավորը:  Մեր այն հարցին էլ ` եթե ԲՀԿ-ի  քաղաքական խորհուրդը որոշի սեփական թեկնածու չառաջադրել, այդ դեպքում ո՞ւմ նպատակահարմար կլինի սատարել: «Նայած ովքեր են լինելու թեկնածուները, գիտեք, ի տարբերություն նախորդ ՏԻՄ ընտրությունների, երբ արթիկցիները շատ էին ոգևորված, այժմ պասիվ վիճակ է, ընդ որում  ոչ միայն ժողովուրդն է պասիվ, այլև թեկնածուները: Արթիկում իրար գլուխ չեն ջարդում քաղաքապետ դառնալու համար, Արթիկը հո Գյումրի չէ, Գյումրու քաղաքապետարանը 3000 աշխատող ունի, իսկ Արթիկը ` 300, ի վերջո փոքր քաղաք է», -իրավիճակն այսպես ներկայացրեց  Մուշեղ Պետոյանը:

ԲՀԿ-ական պատգամավորը  նաև տեղեկացրեց, որ իր կուսակցությունը  Արթիկի  ավագանու  անդամի 8 թեկնածու ունի: Արթիկն ու հարակից գյուղերն ընդգրող  թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն էլ մեզ հայտնեց, որ այս պահի դրությամբ Արթիկի  քաղաքապետի պաշտոնի համար դեռ ոչ մեկն իր թեկնածությունը չի առաջադրել, հանձնաժողով դիմել է ընդամենը մեկը` հեռուստատեսային  սպորտային մեկնաբան Սերգեյ Խաչատրյանը, ով ծնունդով Վարդաքար գյուղից է և հավակնում է գյուղապետի պաշտոնին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031