Տավուշի մարզի Դեղձավան գյուղում,որը 300 բնակիչ ունի, ամուսնանալու տարիքի հասած շուրջ 20 երիտասարդ չի պսակվում, քանի որ առանձին ընտանիքով բնակվելու տեղ չունի: Գյուղը գազաֆիկացված չէ, դեղձավանցիները տները փայտով են ջեռուցում, անասնագոմերը ձմռանը տաքացնելու համար` աթար օգտագործում: Վրաստանին սահմանակից գյուղը ոռոգման ջրի պակաս ունի, խմելու ջուր ստանում է կիսաքանդ ջրամբարից, ինչը դեղձավանցիների առողջության համար լուրջ խնդիրներ կարող է առաջացնել: Դեղձավանում չկա համայնքային կենտրոն, մշակույթի տուն, գրադարան,երիտասարդության ակտիվ հանգստի եւ ժամանցի վայրեր: Նորակառույց փոքր խանութի շենքի պատին միջազգային մի կազմակերպության ծրագրի շրջանակներում փակցված պլակատը հռչակում է. «Երիտասարդությունը համայնքի շարժիչ ուժն է»: Սակայն այդ ուժի լիարժեք գործելու համար Դեղձավանում հնարավորություններ չկան:
Ոսկան Սարգսյան