Եվրամիությունում ապաստան հայցողները գերադասում են Ֆրանսիան և Գերմանիան: Ինչպես նշված է Եվրոպական վիճակագրական բյուրոյի` Եվրաստատի, կազմած տեղեկանքում, 2012թ.-ի առաջին եռամսյակում Ֆրանսիան ապաստանի հայցով ստացել է 14 845 դիմում: Երկրորդ տեղում Գերմանիան է (14 285), որին հաջորդում են Շվեդիան (7565), Բելգիան (7330) և Մեծ Բրիտանիան (6385):
Ամենաքիչ թվով` 15, դիմումներ ստացել է Էստոնիան: 50 դիմում ստացած Սլովենիան, 65` Լատվիան, 110` Լիտվան նույնպես պահանջարկ չեն վայելում:
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում երրորդ երկրների բնակիչները ԵՄ երկրներին ապաստանի խնդրանքով ներկայացրել են 69 335 դիմում:
Նախորդ` 2011թ.-ին ապաստան հայցողների ցանկը գլխավորել են Աֆղանստանի քաղաքացիները, ովքեր ներկայացրել են ավելի քան 28 հազար դիմում կամ ընդհանուր դիմումների 9 տոկոսը: Նրանց հաջորդել են Ռուսատանի քաղաքացիները` 18 հազար դիմում, Պակիստանը և Իրաքը` ավելի քան 15 հազարական դիմումներ, Սերբիան` մոտ 14 հազար: Ցանկի առաջին տասնյակում են նաև Սոմալին, Իրանը, Նիգերիան, Կոսովոն և Բանգլադեշը:
Կարդացեք նաև
Ըստ Եվրաստատի տվյալների՝ 2011թ.-ին ԵՄ երկրներում ապաստան է հայցել 303 հազար 105 մարդ: Բավարարվել է 59 հազար 505 դիմում:
«Փաստինֆո» գործակալություն