Արտակարգ իրավիճակների նախարարության Տավուշի մարզային փրկարարական վարչությունում ահազանգ է ստացվել, որ օգոստոսի 5-ի երեկոյան Ծիլի Ծով ջրամբարում խեղդվել է Բերդի տարածաշրջանի Այգեձոր գյուղի բնակիչ Էդիկ Աթաբեկյանը: Մարզային փրկարարական վարչության հերթապահությունից մեզ հայտնեցին, որ խեղդվածը 40 տարեկան է, սակայն մեր տվյալներով` Էդիկ Աթաբեկյանն ավելի քան 50 տարեկան է, նա զբաղվում էր իր գյուղացիական տնտեսությամբ: Այգեձորցիներն ասացին, որ այդ օրը գյուղում Վարդավառ է տոնվել, Էդիկ Աթաբեկյանը ոգելից խմիչք օգտագործած վիճակում լողացել է արհեստական լճում: Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Վաղինակ Հովսեփյանը հայտնեց, որ օգոստոսի 5-ին իրենց ջրասուզակը փորձեր է կատարել հայտնաբերելու այգեձորցու դիակը, սակայն դա նրան չի հաջողվել, քանի որ արդեն մութ էր: Ջրահեղձի որոնման աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 6-ին:
Ոսկան Սարգսյան