Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրիում ընտրարշավը կընթանա մանր-մունր ռազբորկաներով, բայց ոչ արյունահեղությամբ»

Օգոստոս 05,2012 17:46

Քիչ առաջ տեղեկացրեցինք,  որ այսօր Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար  իր թեկնածությունն է առաջադրել ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, իսկ Գյումրու գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դեռ իր փաստաթղթերը չի ներկայացրել թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Փաստաթղթերի ներկայացման համար դեռ 5 օր ժամանակ կա, սակայն Գյումրիում տարբեր կարծիքներ են շրջանառվում Վարդան Ղուկասյանի առաջադրման հետ կապված: Երեկ մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Գյումրու քաղաքապետը այդուհանդերձ առաջադրվելու է, այսինքն անկախ իր առջև  ստեղծված արգելքներից`  նա իր պաշտոնը  հեշտությամբ չի  զիջելու  ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին:Իսկ սա բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծում քաղաքում:  Տեղեկացնենք, որ այս երկու անձնավորությունները իրենց թիմերն են նախապատրաստում ավագանի դառնալու համար, այս օրերին  նրանց մարդիկ ոստիկանությունում գլուխ են ջարդում  առաջինը տեղականք ձեռք բերելու բնակության վայրի վերաբերյալ:

Aravot.am-ը «Շիրակ կենտրոն » հ/կ նախագահ Վահան Թումասյանից հետաքրքրվեց, թե Վարդան Ղուկասյանի առաջադրման դեպքում իր կարծիքով  ի՞նչ տեսակ պայքար  է սպասվելու  Գյումրիում: «Ես համոզված չեմ, որ Գյումրու գործող քաղաքապետը նորից կառաջադրվի, ես կարծում եմ, որ սա պարզապես մեկ այլի բերանով քցված խայծ է, որ տեսնեն, թե ինչ ազդեցություն կստեղծվի:Եթե առաջադրվի, այդ դեպքում շատ բարդ իրավիճակ կստեղծվի ոչ միայն Գյումրիում, այլ Հայաստանում, ոչ թե նրա համար, որ կարող է նորից ինքը ընտրվել քաղաքապետ, խնդիրը քաղաքապետը չէ, խնդիրը առաջիկայում նախագահական ընտրություններն են: Բոլորն էլ  հասկանում են, եթե նա այնուամենայնիվ առաջադրվի, բավականին խաղաքարտեր կխառնվեն, ես հույս ունեմ, որ չի ընտրվի, եթե նույնիսկ առաջադրվի, բայց ամեն դեպքում, եթե առաջադրվեց բավականին հարցականեր կառաջանան Հայաստանում, վատ նախադեպեր կստեղծվեն իշխանության համար:Ես այն  կարծիքին եմ, որ քաղաքը պետք է ապաքրեականացնել և  ապաքրեականացումը  իշխանությունները պետք է անեն: Եթե մեկը մտածում է, որ դա պետք է հասարակությունը   անի, թեկնածու առաջադրի, ժողովրդավարական  ճանապարհով և այլն,  փորձ ու գիտելիք օգտագործելով, պարզապես հեքիաթներ են»: Ըստ մեր զրուցակցի, հասարակությունը կարող է   բարոյական հաղթանակ տանել, ընտրարշավը  հետաքրքիր դարձնել, խաղեր տալ, բայց քաղաքը ձեռքից գնում է,  Գյումրին այլևս ոչինչ չունի,մարդիկ  զանգվածաբար արտագաղթում են, մնացողներն էլ սոված ու անտուն թափառում են:

«Պետության ձեռքը հսկայական գործիք կա, և պետությունն ինքը պետք է փոփոխություններ մտցներ քաղաքային իշխանության տեսակի, որակի մեջ:Նորից եմ կրկնում,   իմ կարծիքով Վարդան Ղուկասյանը այնուամենայնիվ  չի առաջադրվի, տարբեր մարդիկ կարող են խաղ անել,  մեկը կարող է ավագանու համար խաղ անել, ասել, որ ինքը կարևոր է  թաղում, մյուսը` քաղաքապետի համար:Քաղաքականությունը խաղ է»,- ասում է Վահան Թումասյանը:

Եթե այդուհանդերձ Վարդան Ղուկասյանը  առաջադրվի,   ի՞նչ տեսակ ընտրարշավի ականատես կլինենք: «Ես չեմ կարծում, որ արյունոտ ընտրություններ լինեն, նախագահական ընտրություններից առաջ նման շռայլություն թույլ չի տա իշխանությունը, ես կարծում  եմ, որ  քաղաքապետի թեկնածուների մեջ պայքարը այնքան թեժ չի ընթանա, իսկ ավագանու   համար այն կուղեկցվի ռազբորկաներով, բայց ոչ արյունահեղությամբ: Գյումրիում քրեական համակարգն այնքան խորացված է, որ պայքարը  կլինի  ռազբորկաների մակարդակով , ի վերջո ավագանու անդամները կգան փոխհամաձայնության, տարածքները կբաժանեն  իրար մեջ, ինչպես եղավ  Աժ ընտրությունների ժամանակ,  ու կսկսեն   ընտրակաշառք   բաժանել: Իսկ ընտրակաշառքը  մինչև 5000 դրամ  կհանեն», -համոզված է  մեր զրուցակիցը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031