Այսօր, ժամը 13.00-ի սահմաններում ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Բալասանյանը անձամբ ներկայացել է Գյումրին ընդգրկող թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` փաստաթղթերն հանձնելով ու այսպիսով իր թեկնածությունն առաջադրելով քաղաքապետի պաշտոնի համար: Այս մասին հենց նոր Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդուրադ Բաղրամյանը: Վերջինս նաև հայտնեց, որ այս պահի դրությամբ մեկ հոգի ևս առաջադրել է իր թեկնածությունը ավագանու անդամ դառնալու համար: Խոսքը Մխիթար Սահակյանի մասին է, որը պարզվում է գործող ավագանի է, աշխատում է երկաթգծում, անկուսակցական է, 48 տարեկան:Հետաքրքիրն այն է, որ տեղի լրագրողները միմյանց հետ զրույցում կարծիքներ էին փոխանակում, թե այսօր կիրակի է, առաջադրումների առաջին օրն է, և դժվար թե հանգստյան այս օրով որևէ մեկը շտապի ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ` փաստաթղթեր ներկայացնելու:Սակայն պարզվեց, որ ամենաշտապողը Սամվել Բալասանյանն է, ով, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ստացել է երկրի նախագահի դաբրոն` Գյումրիում իշխանափոխություն անցկացնելու ու Վարդան Ղուկասյանին պատմության գիրկն ուղարկելու համար:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև