Այսօր Լոնդոնում երեք հայաստանցի է մտնելու պայքարի մեջ:
Կեսօրին կսկսվի տղամարդկանց օդամղիչ ատրճանակով 50 մետրից հրաձգության որակավորման մրցաշարը, որին մասնակցելու է Նորայր Բախտամյանը: Հույս կա, որ մեր բազմափորձ նշանառուն այս անգամ կանի առավելագույնը՝ եզրափակիչ փուլ անցնելու եւ այնտեղ մեդալների համար պայքարելու համար:
Մոտավորապես 17.00-ին հունահռոմեական ըմբիշ, 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանի եւ Ղրղզստանի ներկայացուցիչ Դանիյար Կոբոնովի գոտեմարտով կտրվի հայաստանցի ըմբիշների մասնակցության մեկնարկը օլիմպիական խաղերին: Արսենից, որ ոսկե մեդալի հավակնորդների թվում է, նպատակին հասնելու համար պահանջվելու է հինգ գոտեմարտ շահել:
Եվ, վերջապես, մոտավորապես 18,30-ից կհետեւենք մեր վերջին ծանրորդի՝ 75+ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանի մրցելույթին: Հռիփսիմեի իրական հնարավորությունը բրոնզե մեդալի համար պայքարելն է՝ երկամարտի՝ 285 կգ նախնական պատվերով, քանի որ չինուհի Լուլու Ժուն եւ ռուսաստանցի Տատյանա Կաշիրինան մրցակցությունից դուրս են: Բայց ժամանակից առաջ չանցնենք. սպորտում ամեն բան էլ պատահում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ