Հուլիսի 20-ը Դանիելյանների ընտանիքում պետք է տոնական լիներ, սակայն, ցավոք, սուգ եղավ: Այդ օրը Արա Դանիելյանը ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղից դիպլոմ ստացավ: Արան 2011թ. նոյեմբերին ամուսնացել է Նանե Մատինյանի հետ, նրանք սպասում էին առաջնեկին: Արայի մայրը ` 53-ամյա Ալվարդ Էդիլյանը մեզ պատմեց, որ 2012թ. փետրվարին ինքը հարսի հետ այցելելէ Իջեւանի առողջության առաջնային պահպանման կենտրոն: Այնտեղ գինեկոլոգ եւ սոնոգրաֆիայի մասնագետ Աննա Համզյանը սոնոգրաֆիա է կատարել եւ հայտնել, որ Նանեն երեք ամսվա հղիություն ունի, որ տղա է ծնվելու: Հարս եւ սկեսուր պարբերաբար այցելել են բժշկուհի Համզյանին, Նանեի հղիության շրջանում բարդություններ չեն եղել:
-Հուլիսի 4-ին նորից այցելեցինք Աննա Համզյանին: Նա «էխո » կատարեց եւ ասաց, որ միզապարկը լիքն է, որ Նանեն պատրաստ է ծննդաբերելու: Նաեւ ասաց, որ պտուղը խոշոր է, հետո ավելի է խոշորանալու, թող Իջեւանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Էդիկ Ֆրանգուլյանը ստիմուլյացիա անի,-պատմում է տիկին Ալվարդը:
Նա հղի հարսի հետ հուլիսի 5-ին եւ 12-ին այցելել է Իջեւանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունք: Բաժանմունքի վարիչ Է. Ֆրանգուլյանն նրանց ասել է ` գնացեք եւ սպասեք: Հուլիսի 18-ին տիկին Ալվարդը եւ Նանեն, նաեւ վերջինիս մայրը կրկին այցելել են Էդիկ Ֆրանգուլյանին: Վերջինս Նանեին «ֆոլիկուլին » դեղամիջոցի սրսկումներ է նշանակել: Ալվարդ Էդիլյանը վկայում է.
-Հուլիսի 18-ի երեկոյան կրկին այցելեցինք Ֆրանգուլյանին, նրան հիշեցրի բժշկուհի Աննա Համզյանի խոսքերը` պետք է ստիմուլյացիա անել, Ֆրանգուլյանն ասաց.
Կարդացեք նաև
-Ես միջամտություններ չեմ սիրում, կարող են բարդություններ առաջանալ:
Բժիշկ Ֆրանգուլյանն այդ ժամանակ լսել է պտղի սրտի զարկը: Հուլիսի 20-ին Նանեն ցավեր է ունեցել, նրան տեղափոխել են Իջեւանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունք:
-Այնքան էինք այնտեղ գնացել, որ ամաչում էինք: Ֆրանգուլյանն ասաց, որ դեռ ծննդաբերելու ժամանակը չէ, Նանեին տարեք տուն,-ասումէ տիկին Ալվարդը: Նանեի տուն տանելուն ընդդիմացել է Ալվարդի քույր Վարդուհին, ով նույն բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքում բուժքույր է : Այդ ժամանակ Է. Ֆրանգուլյանը հրահանգել է, որ հղիին սոնոգրաֆիա կատարեն: Սոնոգրաֆիայի բժշկուհու սառած հայացքից տիկին Ալվարդը հասկացել, որ իր չծնված թոռնիկն արդեն մահացած է: Էդիկ Ֆրանգուլյանն ասել է, որ չի կարող ասել երեխայի մահվան պատճառը: Տիկին Ալվարդը նրան հակադարձել է.
-Ինչո՞ւ չեք կարող ասել մահվան պատճառը, ուշացրիք էլի:
Իջեւանից Ն. Մատինյանին ուղեգրել են Երեւանի «հանրապետական ծննդատուն» ` պերինտոլոգիայի , մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտ: Այստեղ սոնոգրաֆիա են կատարել, սոնոգրաֆիայի բժշկուհին հանդիմանել է, թե ինչո՞ւ են այդքան ուշացրել: Այնտեղ Նանեն ծննդաբերել է արդեն մահացած երեխային: Դանիելյանների վկայությամբ` այդ հաստատության բժիշկները ամեն ինչ արել են, որ Նանեի առողջությանը վտանգ չսպառնա: Դանիելյանները դեռ չեն ստացել իրենց թոռան մահվան բժշկական եզրակացությունը: 8 տարվա մասնագիտական ստաժ ունեցող բժշկուհի Աննա Համզյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը դեռեւս հունիսի 22-ին է Դանիելյաններին զգուշացրել, որ պտուղը խոշոր է լինելու , իսկ հուլիսի 12-ին ինքը Նանե Մատինյանին ուղեգրել է Իջեւանի բժշկական կենտրոն: Հարց է ծագում` ինչու՞ Իջեւանի բժշկական կենտրոնում համապատասխան միջոցառումներ չեն կատարել կամ հղիին ուղեգրել «Հանրապետական ծննդատուն»: Որեւէ մեկը պատասխան տալո՞ւ է Դանիելյանների չծնված թոռնիկի մահվան համար: Այդ ընտանիքը ամուսնացած դուստրերից 4 աղջիկ թոռնիկ ունի, սպասում էր արու թոռնիկի ծննդյանը:
Իջեւանցիները տեղի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում վերջին տարիներին տեղի ունեցած բազմաթիվ արտակարգ դեպքեր գիտեն: Այդ պատճառով իջեւանցիների մի մասը հղիներին ծննդաբերելու են տանում Դիլիջան : Դա այն դեպքում, որ 2010թ. Համաշխարհային բանկի եւ ՀՀ կառավարության 2 միլիոն դոլար ֆինասավորմամբ Իջեւանի բժշկական կենտրոնը հիմնանորոգվել է, հագեցել արդիական սարքավորումներով:
Ոսկան Սարգսյան