Հոլիվուդյան հայտնի կինոաստղեր Դեմի Մուրի և Բրյուս Ուիլիսի դստերը` Սկաուտ Ուիլիսին Մանհեթենի դատարանը հասարակական վայրում ալկոհոլ խմելու և անձը հաստատող կեղծ վկայական ներկայացնելու համար դատապարտել է հասարակական աշխատանքների, հաղորդում է «РИА Новости»-ն:
20-ամյա աղջիկը ձերբակալվել էր հունիսին, երբ ոստիկանը նրան տեսել էր արգելված վայրում` մետրոյում գարեջուր խմելիս: Երբ օրենքի պաշտպանը նկատել է գարեջուր խմող օրիորդին, խնդրել է ցույց տալ անձը հաստատող որևէ փաստաթուղթ: Նա ներկայացրել է կեղծ փաստաթուղթ:
Սկաուտ Ուիլիսին ձերբակալել են: Գիշերը նա ստիպված անցկացրել է մեկուսարանում և միայն առավոտյան թույլատրել են տուն գնալ, այն էլ` բնակության վայրից չբացակայելու պայմանով:
Եվ ահա, երեկ դատարանը դատապարտել է Սկաուտ Ուիլիսին երկօրյա հասարակական աշխատանքների:
Նշենք, որ ԱՄՆ-ում օրենքն արգելում է հանրային վայրերում սպիրտային խմիչքներ և գարեջուր օգտագործելը: Բացի այդ, երկրում ալկոհոլ գնելու իրավունք ունեն միայն 21 -ից բարձր տարիքի անձինք:
Ի դեպ, Հայաստանի պարագայում այդ նույն հարցին անդրադառնում է Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգիրքը: Այս իրավական փաստաթղթի 175-րդ հոդվածի համաձայն ոգելից խմիչքների օգտագործումը փողոցներում, մարզադաշտերում, պուրակներում, զբոսայգիներում, հասարակական տրանսպորտի բոլոր տեսակներում կամ հասարակական այլ վայրերում, բացառությամբ ոգելից խմիչքների իրացման թույլտվություն ունեցող հանրային սննդի օբյեկտների, կամ ոչ սթափ վիճակում հասարակական վայրերում հայտնվելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքով՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին խախտում կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
«ՓԱՍՏԻՆՖՈ»