Վերջին 10 տարում տպագիր եւ «վիրտուալ» տեքստերում հաճախ հանդիպում ենք «ինծիլիգենտ» բառը, որը հատուկ գրվում է «ծ» տառով` այդ երեւույթի, այդ դասակարգի նկատմամբ քամահրանքն ընդգծելու համար: Հատուկ չի նշվում, թե որն է «ինծիլիգենտ» լինելու ամենամեծ թերությունը, բայց կարելի է ենթադրել, որ խոսքը թուլամորթ, հարմարվողական եւ վախկոտ մարդանց մասին է, որոնք իրենց սնամեջ դատողություններով, ռեֆլեքսիայով խոչնդոտում են երկրի եւ աշխարհի առաջընթացին: Այդ «փթած ինծիլիգենտներին» հակադրվում են «դուխով տղերքը», որոնք հաստատ գիտեն, թե ինչ են ուզում այս կյանքից եւ հանուն ազգի կամ մարդկության փրկության պատրաստ են զոհողություների եւ հերոսությունների: Իրական կյանքն, իհարկե, անմիջապես հերքում է նման հակադրությունը. ի վերջո, ո՞վ էր. օրինակ, ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանը, եթե ոչ մտավորական: Կամ` արդյո՞ք զրկանքների չէր գնացել ակադեմիկոս Սախարովը, որը, եթե լռեր, հաստատ ապրելու էր խորհրդային նոմենկլատուրային մտավորականի չափազանց ապահով կյանքով:
Բայց մի կողմ թողնելով այդ ակնհայտ ճշմարտությունները, ուզում եմ հիշեցնել, թե երբ, որ ժամակաշրջաններում է ձեւավորվում քակահրական վերաբերմունքը մտավորականության վերաբերյալ: Դա, մասնավորապես, նկատվում էր ռուս բոլշեւիկների մոտ, որոնք, ի դեպ, իրենց ծագումնաբանությամբ նույն դասին էին պատկանում: Հիշենք, օրինակ, թե մտավորականների հասցեին ինչպես էր արտահայտվում Լենինը` «մտավորականությունը ոչ թե ազգի ուղեղն է, այլ նրա կղկղանքը»: Կամ մտաբերենք դոկտոր Գեբելսի ճառերը, որոնցում նա մեղադրում էր իր երկրի մտավորականներին նույն թուլամորթության մեջ: Վերջապես, փաստ է, որ Հայոց ցեղասպանության ծրագրի անբաժանելի մասն էին օսմանյան կառավարության կողմից կազմակերպված վայրագ հարձակումները հայ մտավորականների վրա: Մի խոսքով, երբ պետք է լինում ինչ-որ մի հրեշավոր ծրագիր իրականացնել, առաջին հարվածը ստանում է միտքը, գիտելիքը, եւ դրանց կրողները, որոնք, այո, երբեմն կասկածում են սեփական անսխալականության մեջ, եւ որոնք այդ պատճառով կարող են բնութագրվել որպես «ոչ հետեւողական» մարդիկ:
…Ես չեմ վիրավորվում «ինծիլիգենտ» բառից: Ավելի լավ է լինել այդպիսին, քան, ասենք, հավակնոտ գեղցի:
Արամ Աբրահամյան