«Ցավում եմ, որ մեր առաջատար մարզիկները, որոնք աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում բազմաթիվ մեդալներ են նվաճել, Լոնդոնում անհաջող են հանդես գալիս: Թե ինչո՞ւ արդեն պայքարն ավարտած մեր ծանրորդները, հրաձիգը վատ հանդես եկան, դժվարանում եմ պատասխանել: Սպասեք: Կվերադառնան ու բոլոր հարցերի պատասխանը կստանաք: Ես ծանրամարտի կամ հրաձգության մասնագետ չեմ, որ պատասխանեմ: Իսկ մեր ըմբիշներից, որոնք դեռ պայքարը չեն սկսել, լուրջ սպասելիքներ ունեմ: Հատկապես հունահռոմեականները մեդալների համար են մեկնել օլիմպիական խաղեր», – ի պատասխան լրագրողների հարցին, ասաց Արմեն Նազարյանը: Եվ ավելացրեց. «Ես համաձայն չեմ «կարեւորը մասնակցելն է» կարգախոսին: Ամեն մի մարզիկ առնվազն չորս տարի սպասում է այդ օրվան: Եվ շանսը ներկայանում է: Ուրեմն, պիտի ցանկանաս, հավատաս սեփական ուժերիդ, չնայես ոչ երկրին, որի ներկայացուցչի հետ պայքարելու ես, ոչ էլ մրցակցիդ տիտղոսներին: Պիտի հավատաս քո ուժերին, տրամադրվես ու հաղթես: Ես ինքս օլիմպիակն չեմպիոն չեմ ծնվել, դարձել եմ հենց այդպես` պայքարելով ու հաղթելով եւ աշխարհի եւ օլիմպիական գործող չեմպիոնների»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ