Այս շաբաթ շոուբիզնեսն այնքան էլ ակտիվ չէր: Չկային ազդեցիկ նորություններ, փոփոխություններ: Կամ մարդկանց դադարել են հետաքրքրել հայտնի դեմքերը, կամ էլ նրանք մեկնել են հանգստի ու նորություններով կկիսվեն, երբ վերադառնան: Ինչևէ, նորություններն այս շաբաթ տեսահոլովակների ու երգերի տեսքով էին. որոնց պակաս հաստատ չունեցանք: Ռազմիկ Ամյանը, Արմենչիկը, Էրիկը և Անի Երանյանը ուրախացրեցին իրենց երկրպագուներին նոր երգերով ու տեսահոլովակներով:
Սուրեն Առուստամյանի և Մարիա Յարեմչուկի սիրավեպի մասին շարունակվում են լուրեր պտտվել, սակայն երգիչը հերքել է, որ նրանց միջև սիրավեպ կա՝ Bravo.am-ին ասելով. «Իմ եւ Ուկրաինայի ներկայացուցչի միջեւ շատ ընկերական, մտերիմ հարաբերություններ են»: Երգիչների սիրավեպի մասին խոսել է նաև Մարիան՝ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում, ասելով. «Սուրենը համակրելի երիտասարդ է, մեր շփումը հաճելի է, բայց ես Յուրմալա եմ եկել երգելու, դրա համար սիրավեպ չունեմ, բայց Սուրենի հետ լավ շփվում ենք: Ամուսնանալ էլ չեմ պատրասվում, դեռ 19-ը տարեկան եմ»:
Մեծերի «Նոր ալիքին» հաջորդում է մանկականը: «Մանկական Նոր ալիք 2012»-ի հայաստանյան ներկայացուցիչներ Սոնա Գյուլխասյանը եւ Արինա Մալխասյանը շուտով կմեկնեն Արտեկ, որտեղ էլ անցկացվելու է մրցույթը». – գրել է Bravo.am-ը: Աղջիկներն ասել են` մրցույթին լավ են պատրաստվել, իրենց պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը հավելել է հետեւյալը. «Պատրաստել էինք մոտ 15 երգ, ընտրվեց 8-ից 10-ը: Սովորաբար մրցույթից մեկ կամ երկու ամիս առաջ ընտրվում է երկու երգ, որոնց վրա սկսում ենք աշխատել, բաց ժյուրին ասաց` չի կարողանում ընտրել, քանի որ երգերը «մեկը մյուսից լավն են», մենք էլ ուղղակի գլուխներս բռնեցինք: Երեխաները մեղկ էին, բայց մենք չվախեցանք, բավական լավ են պատրաստվել»:
Asekose.am-ը գրել է. «Ֆիլադելֆիայում կայացած «System of a Down» ռոք խմբի համերգի ժամանակ բնապահպան ակտիվիստ Սերժ Թանկյանը կրել է Թեղուտի շապիկը` ի պաշտպանություն վերջինիս փրկության», – այն մասին նա տեղեկացել է Թեղուտի պաշտպանությամբ հանդես եկող խմբից: Շուտով Թանկյանը հանդես կգա նաև վիդեո հաղորդագրությամբ` ի պաշտպանություն Թեղուտի: Նշենք, որ որ գրեթե մեկ տարի առաջ Սերժ Թանկյանը այցելել էր Լոռի, եղել էր նաև Թեղուտում և իր մտահոգությունն էր հայտնել հանքարդյունաբերության պատճառած վնասների վերաբերյալ:
Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Առաքելականը գրել է. «Շուշան Պետրոսյանը, Արսեն Գրիգորյանը(Մրոն ), Մկրտիչ Մկրտչյանը (Մակիչ) համերգներ են տալիս ԼՂՀ ՊԲ զորամասերում: Նրանք արդեն երգել են ՊԲ գրեթե բոլոր խոշոր զորամասերում։ Հեռախոսազրույցում Շուշան Պետրասյանն ասել է. «Ես երջանիկ եմ, ես մեր տղերքի ցավը տանեմ: Ես մեր հայոց բանակի կողքին եմ և միշտ կլինեմ: Իմ ուժը հայ զինվորի աչքերի ու հայացքի մեջ է»: Այս ամենին օգտատերը հավելել է նաև հետևյալը՝ «Այ որ Շուշան Պետրոսյանը սենց բաներ շուտ-շուտ անի ու նման հայտարարություններ անի, իրան ո՞վ կասի, որ աչքի վերևն ունք կա»։
Տիգրանուհի Թասլակյան