ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի շրջանակներում կազմակերպված առաջնորդների դպրոցի դասընթացներին մասնակցում էր նաեւ Գեւորգ Շահումյանը՝ Սիրիայից, որը ներկայացնում էր Համազգայինի մշակութային միությունը: «Սուրիոյ մէջ մենք բազմազան ճիւղաւորումներ ունինք, մշակութային նախաձեռնութիւններ, մարզական միութիւններ, ազգային կազմակերպութիւններ ունինք: Ես անդամ եմ Սուրիոյ երիտասարդաց միութեան, Քրիստափոր ուսանողական միութեան, անդամ եմ նաեւ Համազգայինի տնտեսական յանձնախումբին: Աւարտած եմ Հալէպի ազգային ճեմարանի ուսումնական շրջանը մինչեւ 12-րդ դասարան, ետքը աւարտած եմ Հալէպի պետական համալսարանի տնտեսագիտական ուսումնարանը, իսկ հիմա համալսարան կը շարունակեմ արդէն, միեւնոյն ժամանակ, գործունէութիւններ ունիմ շարք մը ազգային, մշակութային երեկոներու մէջ»,- իրեն այսպես ներկայացրեց երիտասարդը: Իսկ թե ինչ տվեց առաջնորդների դպրոցն իրեն, այս մասին հետեւյալ կարծիքի է. «Առաջնորդներու դպրոցին մասնակցութիւնը ինծի համար մեծ փորձառութիւն էր: Ծանօթացանք առաջնորդի արժանիքներուն, ինչպէս պէտք է ըլլայ առաջնորդը, ինչպէս պէտք է ղեկավարէ իր խումբը»: Ասում է՝ գիտելիքները կօգտագործի համայնքում:
Նա առաջին անգամ Հայաստան այցելել է 2005 թվականին: Գեւորգի խոսքով՝ հայրենիքը մինչ այդ իրեն երազ էր թվում. «Շատ զգացական էր առաջին ներկայութիւնս Հայաստան, որովհետեւ իւրաքանչիւր վայր, որ կ՚այցելէինք, նախ ձեռքով կը շօշափէինք, որ իրականութիւն է, թէ դարձեալ պարզապէս նկարներ: Բնական է՝ Հայաստանը դրախտավայր ըլլալէն բացի, իր դժուարութիւնները ունի: Հայաստանը կը մնայ մեր հայրենիքը, կը մնայ մեր երկիրը, մեր տունը: Ինչ ալ ընենք մեր համայնքին, մեր հիմնական նպատակը կը մնայ Հայաստանի բարգաւաճումը, Հայաստանի բարելաւումը, Հայաստանի օրէօր աւելի զարգացումը»:
Ասում է՝ երկրորդ այցելությանը Հայաստանն իր աչքին շատ է փոխվել. «Այդ փոփոխութիւնը ես արդէն օդակայանէն զգացի: Շատ գեղեցիկ է, շատ փոխուած է Հայաստանը, յստակ է աւելի դէպի Եվրոպա թեքումը»:
Կարդացեք նաև
Երիտասարդը տպավորված է հայաստանյան հանդիպումներով. «Հետաքրքրական էր պարոն Շաւարշ Քոչարեանի հետ հանդիպումը, շատ արդիւնաւէտ էր պարոն Վիգէն Սարգսեանի հանդիպումը, որովհետեւ մենք այն ինչ-որ իբրեւ սփիւռքահայ կ՚ուզենք գիտնալ մեր հայրենիքի քաղաքականութեան մասին, ուղղակի տուեալ անձնաւորութիւններէն մենք առինք մեր պատասխանները»:
ՄԱՐԻԱՆՆԱ ՍԱՀՐԱԴՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ