Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղջկաս կալանավորման պատճառը Ալիկ Սարգսյանի սանիկին «ահաբեկելը» չէ»

Օգոստոս 04,2012 13:29

Բազմիցս դիմել ենք ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, սակայն ամեն անգամ արհամարհված են եղել մեր դիմումները՝ վերին ատյանների կողմից:

Իմ աղջկան 25.11.2011թ. ձերբակալել են Հարություն Խլղաթյանի բանավոր խոսքի հիման վրա, թե իբր աղջիկս դրսում տեսել եւ ահաբեկել է նրան: Թե ինչո՞ւ Հարություն Խլղաթյանի բանավոր խոսքը այդքան զորություն ունի, որովհետեւ նա հանդիսանում է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի սանիկը: Ալիկ Սարգսյանի քավոր լինելու հանգամանքը նրան շատ հարցերում է լիազորություններ տվել՝ անօրինական գործողություններ կատարելու համար: 2011թ. օգոստոսի 10-ին մի խումբ անձինք ներխուժում են գրավատուն եւ ցանկանում են ուժ գործադրելով աղջկաս բերման ենթարկել՝ առանց բացատրություն տալու: Վերջինս ամեն կերպ դիմադրում էր եւ փորձում էր իմանալ պատճառը, սակայն՝ ապարդյուն: Այս ամենն արվում էր Սամվել Վարդանյանի գլխավորությամբ: Գրավատունը կապարակնքեցին, եւ նրան բերման ենթարկեցին ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն: Տեղում աղջիկս իմացավ, որ այս ամենն արվում է Հարություն Խլղաթյանի բողոքի հիման վրա, նա մեղադրում է աղջկաս խարդախության մեջ եւ պահանջում է 300. 000 ԱՄՆ դոլար:

Վարչությունում սպառնում էին, որ նրան կկալանավորեն, եւ ոչ միայն նրան, այլ իր ընտանիքի բոլոր անդամներին՝ քրոջը, փեսային, այնուհետեւ կատարեցին խուզարկություն եւ առգրավեցին այն ամենը, ինչ կար պայուսակի մեջ, այդ թվում՝ անձնագիրը: Ութ ժամ պահելուց հետո նրան ազատ արձակեցին՝ հաջորդ օրը ներկայանալու պայմանով, իսկ անձնագիրը մնաց նրանց մոտ: Այդ 8 ժամվա ընթացքում ճնշում գործադրելով՝ նրանք փորձել են աղջկաս ստիպել ստորագրել մի թուղթ, որ նա պարտք է Հ. Խլղաթյանին 300.000 ԱՄՆ դոլար: Ամեն կերպ փորձել են՝ ճնշում գործադրելով, վիրավորելով նրան՝ բարոյապես եւ հոգեպես, մոռանալով, որ իրենք գործ ունեն կնոջ հետ, իսկ այդ ընթացքում Հ. Խլղաթյանը իր մի խումբ պաշտոնավոր ընկերների հետ նստած է եղել կողքի սենյակում եւ ցուցումներ տվել 6-րդ վարչության աշխատակիցներին, թե ինչպես ճնշեն աղջկաս, որ նա ստորագրի այդ թուղթը, որ նա պարտք է Հ. Խլղաթյանին: Այդ ամենը կատարվել էր առանց որեւէ իրավական հիմքի, առանց դատարանի որոշման կամ՝ ՀՀ Կենտրոնական բանկի թույլտվության: Իսկ մեր դատախազության աշխատակիցները մեր դիմումի պատասխանի մեջ, որտեղ մենք բողոք էինք գրել 6-րդ վարչության աշխատակիցների վրա, մեզ պատասխանել էին, որ դա կատարվել է օրենքի սահմաններում: Մինչդեռ մենք ներկայացրել ենք ձայնագրություններ, որտեղ երեւում է, թե աղջիկս ինչպես է 6-րդ վարչության աշխատակիցներից պահանջում փաստաթուղթ, իսկ նրանք դա չեն կարողանում ներկայացնել: Կապարանկնքելուց 1 շաբաթ անց Սամվել Վարդանյանը նոր թույլ տվեց բացել գրավատունը:

Օգոստոսի 21-ին նորից նույն անձինք, արդեն քննիչ Արթուր Պողոսյանի գլխավորությամբ, եկան գրավատուն, կատարեցին խուզարկություն եւ ասացին, որ հարուցված է քրեական գործ: Խուզարկություն կատարվեց նաեւ մեր տանը, որտեղ աղջիկս բնակվում է իր անչափահաս՝ 2,5 եւ 1,5 տարեկան տղաների հետ:

Քննիչ Արթուր Պողոսյանը Քրիստինեին ձերբակալելիս հաշվի չի առել մի քանի կարեւոր հանգամանք, որ նա հանդիսանում է երկու անչափահաս երեխաների միակ ծնողը (ամուսինը մահացած է) եւ միակ կերակրողը, առանց խնամակալության հարց լուծելու՝ նա ձերբակալել է անօգնական կնոջը: Նա համագործակցել է նաեւ Արմեն Ասլամազյանի եւ Հովհաննես Պարոնիկյանի հետ՝ աղջկաս մանկահասակ երեխաներին պատկանող բնակարանը հափշտակելու հարցով, քանի որ դեռեւս 2011թ. օգոստոսին Ա. Պողոսյանը աջակցելով նրանց՝ անօրեն վերցրել էր Քրիստինեի անձնագիրը: Այդ նպատակով, չգիտես ինչպես, աղջկաս անձնագիրը հայտնվում է նոտարի սեղանի վրա եւ առանց աղջկաս ներկայության՝ թույլ տալով, որպեսզի Հովհ. Պարոնիկյանը անվանափոխի բնակարանի գրավի պայմանագիրը եւ թույլ տրվի անչափահաս երեխաներին պատկանող գույքին տիրանալը:

Աղջիկս վախենալով հանդիպել Հ. Խլղաթյանի հետ, Պողոսյանը ինքնագլուխ աղջկաս կանչել է, նրան մենակ է թողել Հ. Խլղաթյանի հետ, որպեսզի իր սենյակում ծածուկ ձայնագրի Քրիստինեին: Ինձ անհասկանալի է, թե ինչպես կարող է քննիչը կանչել իր աշխատասենյակ «տուժողին» եւ «հանցագործին», հետո հայտարարել, թե տեղյակ չի կատարված ձայնագրությունից: Այդ ձայնագրությունները լսելուց հետո պարզ է դառնում, որ քննիչ Արթուր Պողոսյանը շատ լավ տեղյակ է եղել այդ ձայնագրություններից:

Այս ամենը ես դիմումի տեսքով ներկայացրել եմ ՀՀ գլխավոր դատախազին եւ պատասխան եմ ստացել, որ քննիչը գործել է օրենքի սահմաններում եւ կարգապահական բնույթի խախտումներ թույլ չի տվել:

Ա. Պողոսյանն ամբողջ գործի վարման ընթացքում անօրինական լսել է աղջկաս եւ մեր ամբողջ ընտանիքի հեռախոսային խոսակցությունները: Մենք բողոք ենք ներկայացրել քննիչի դեմ, սակայն այդտեղից էլ պատասխան չունենք: Այսինքն՝ ոչ մի տեղ մեր ձայնը հասանելի չէ: Ամիսներ առաջ մյուս աղջկաս մեր դատախազության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը փորձեց իր վիրավորական խոսքով ճնշելով՝ հետ կանգնեցնել մեզ դատախազության դեմ բողոքներ գրելուց:

Ես նույնիսկ պատրաստվում եմ դիմել Եվրոդատարան՝ 1,5 տարեկան երեխային մորից զրկելու համար, եւ համոզված եմ մեր հաղթանակի մեջ:

ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Նամակագիրը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահին՝ ներկայացնելով այս փաստերը մանրամասն: «Պարոն նախագահ, ձեր իսկ շուրթերից հնչած «այս երկիրը երկիր է» արտահայտությունը արդեն ժամանակն է կյանքի կոչելու»,- գրել էր նա:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Այս երկիրը երկիր է …. քանի որ այստեղ մարդակերներ չկան, ուղղակի իմաստով!

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031