Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանի խոսքերով, տպագիր գրականությունը մի քանի անգամ ավելի նախընտրելի է էլեկտրոնաային գրականությունից. «Որովհետեւ գիրքը 500 տարի կայացել է, սովոր ենք գրքին, գրքով ենք մեծացել, եւ ինձ թվում է, որ գիրքը դեռ երկար ժամանակ կշարունակի իր տեղը, ուրիշ բան, որ ինտերնետն արագ իր տեղն է գրավում: Ուումնական , բայց գիտական գրականության առումով, վստահ եմ, որ ինտերնետը տպագիրին արագ դուրս կմղի»:
Պարոն Զարգարյանը չհամաձայնեց, թե ընթերցողները նվազել են, ասաց, որ Ազգային գրադարան օրական 900-12000 ընթերցող է մտնում ու նույնիսկ ամառային արձակուրդներին էլ ընթերցասրահները լիքն են: Ըստ նրա, հիմնականում հայագիտական գրականությունն ու մամուլ են կարդում:
Հոգեբան Միհրդատ Մադաթյանն էլ ասաց, որ տպագիր եւ էլեկտրոնային գրականությունն ունի եւ առավելություններ եւ թերություններ: Ըստ նրա, տպագիր գիրքը նախընտրողներն ավելի էսթետիկ զգացողություններն են բավարարում եւ նորից վերընթերցելու, վերհիշելու, նշումներ կատարելու հնարավորություն ունեն, իսկ գիտական գրականության առումով էլեկտրոնային գրականությունն ավելի հարմար է ու արագ հասանելի: Ըստ նրա, ի տարբերություն տպագիր գրականության, էլեկտրոնայինը խեղաթյուրելու ռիսկեր ունի. «Էլեկտրոնային գրականությունը անկանոն կերպով է դուրս գալիս, կամայական մեկը, ով էլեկտրոնային գիրքը գցում է ինտերնետ` կարող է փոխել, խեղաթյուրել կամ իր մոտեցումները դնել»:
Հոգեբանի համոզմամբ, ինտերնետից կախվածության վտանգն էլ ընթերցասերներին չի սպառնում. «Գրքի հետ բոլորովին կապ չունի, կարդացող մարդը նման կախվածություն սովորաբար չի ունենում»:
Կարդացեք նաև
Պարոն Մադաթյանը չհամաձայնեց նաեւ, որ ընթերցողի նկատմամբ վատ նախատրամադրվածություն կա, ասաց, որ հիմա երիտասարդներն ավելի շատ են ընթերցում ու տեղյակ են նաեւ համաշխարհային գրականությանը. «Նույնիսկ կատակով կարող եմ ասել, նրանք մեզնից լավն են»:
Պարոն Զարգարյանն էլ ասաց, որ Ազգային գրադարանում էլեկտրոնային շետմարաններ են պատրաստում եւ ըստ վիճակագրության` այդ գրքերը կարդում են ռուսերենով ու հայերենով աշխարհի տարբեր կողմերից ու հիմնականում երիտասարդներ են:
Նա նաեւ ասաց, որ ՀՀ կառավարության հատկացրած գումարներով, առաջիկայում Երեւանի ու մարզային գրադարանները կվերանորոգվեն, իսկ այն, որ գրքերը հիմնականում վաճառվում են ոչ թե գրախանութներում, այլ գետնանցումներում, դա դեռ չի արտահայտում մեր վերաբերմունքը. « Դա մեր վերաբերմունքը չէ, գրահրատարակչական բնագավառ է: Եթե ստորգետնյա անցումներում վաճառողները գան հարկային դաշտ… գրախանութները փակվում են, որովհետեւ մրցակցությանը չեն դիմանում»:
Հոգեբանն էլ ասաց, որ գրքի վաճառքի հարցը խմորման շրջանում է. «Գիրքն, ըստ արժանվույն թանկ է, պետք է ձեւավորվի դրա դերն ու տեղը հասարակության մեջ, դեռ մարդը պետք է ուզենա, այն ունենալ»: Ըստ նրա, մեր հասարակությունում մարդիկ դեռ հացի խնդիր ունեն. « Մենք օրվա հացի խնդիր ունեցող անձից պահանջում ենք գրքի հարց լուծել: Ոչ բարեկեցիկ երկրում ենք ապրում, ունենք սննդի խնդիր, կա պանիկա որոշակի գների թանկացման հետ, հիվանդ մարդուն ինչպե՞ս կարող ենք ասել գիրք գնիր ու կարդա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ