Լրահոս
Օրվա լրահոսը

«Կազինոյում չես կարող կազինոյին հաղթել»

Օգոստոս 04,2012 13:10

«Սարդարապատ» շարժման անդամները հայտարարել էին, որ պետք է վերջ դնեն «ցինիկների ու լիլիպուտների» այս ռեժիմին:

Երեկ Aravot.am-ի հարցին՝ առաջիկայում նախագահական ընտրություններ են, ռեժիմին վերջ դնելու հնարավորությունները մե՞ծ են, եւ հավանական թեկնածուների մեջ կա՞ լիդեր՝ «Սարդարապատ» շարժման անդամ Գարեգին Չուքասզյանը պատասխանեց. «Ընտրությունների վերաբերյալ մեր տեսակետը բազմիցս արտահայտել ենք՝ կազինոյում չես կարող կազինոյին հաղթել: Այդ խաղն անիմաստ է: Հակառակը՝ մասնակցելով այդ խաղին՝ դու լեգիտիմացնում ես եւ դառնում ես սեղանի այն 4-րդ ոտքը, որը կայունացնում է սեղանը: Երբ որ չես մասնակցում՝ լինելով ընդդիմադիր փոքրամասնություն, դու փաստորեն ցույց ես տալիս, որ այդ սեղանը կայուն չի, այսինքն՝ ընտրություններով ոչ մի հարց չի լուծվելու»: Մենք ճշտեցինք՝ այսինքն՝ պետք է բոյկոտե՞լ ընտրությունները, պարոն Չուքասզյանը պատասխանեց. «Ոչ թե բոյկոտել, այլ այդ ժամանակն օգտագործել՝ փորձելու համար ձեւավորել այլընտրանքային իշխանություններ, անել բաց ընտրություններ, որովհետեւ ընտրությունների համակարգը, ամբողջովին այդ մեքենան չի աշխատում: Մարտի 1 ենք ունեցել, որից հետո ոչ մի մարդ պատասխանատվության չի ենթարկվել: Ինչպե՞ս կարելի է հավատալ այդ ընտրական մեքենային»: Մեր հարցին՝ ամեն դեպքում ո՞վ կարող է լինել այլընտրանքային թեկնածու, պարոն Չուքասզյանը պատասխանեց. «Կարող ես ամենալավ թեկնածուն ունենալ, բայց արդյունքում կազինոն է հաղթելու, այսինքն՝ վերջում նկարելու են արդյունքները, ի՞նչ կարիք կա այդպիսի ընտրությունների հետ հույսեր կապել: Եթե ընտրական մեքենան ամբողջովին նեխած է, ինչպե՞ս կարելի է հավատալ արդյունքին, վերջում նկարելու են, չէ՞, այդ ամեն ինչը տեսել ենք, չէ՞, 15 տարի է՝ դա ենք տեսնում, նորից գլուխներս պատին խփենք, հասկանանք, որ դա կազինո է, ու այնտեղ խաղալուց չե՞նք հաղթելու»:

Ըստ Գարեգին Չուքասզյանի՝ մեզ անհրաժեշտ են քաղաքական փոփոխություններ, մեր հանրապետության քաղաքական արմատական նորացման կարիք կա. «Ինչպես 80-ականներին, երբ Սովետական Միությունն արդեն քայքայվում էր, ժողովուրդը գիտակցեց, որ ինքը պետք է այլընտրանքային իշխանություն, մարմիններ ձեւավորի, արդյունքում իշխանափոխություն եղավ: Մենք մոտենում ենք այդ վիճակին, երբ այլընտրանքային իշխանության կամ բրիտանական տերմինով՝ ստվերային իշխանության առաջացման կարիք կա Հայաստանում, որը պետք է իշխանափոխություն ապահովի»: Մեր հարցին, թե իշխանությանն այլընտրանք կոչվող ԲՀԿ-ն այդ մասով ի՞նչ դեր կարող է ունենալ՝ պարոն Չուքասզյանը պատասխանեց. «Կուսակցությունները չեն կարող դեր ունենալ: Ամբողջ քաղաքական դաշտը վերակազմավորման պետք է ենթարկվի: Կուսակցությունները չեն վերանում, բայց իրենք վերագրանցվելու եւ նորանալու են: Նոր կուսակցություններ էլ կարող են հայտնվել: Այսօրվա մեր կուսակցությունների վիճակն իրոք ճգնաժամային է, ճահճային է, ճահճի մեջ են հայտնվել: Դասական քաղաքական ինստիտուտները, որոնցից մեկը կուսակցություններն են, փակուղու առջեւ են, այսինքն՝ չեն աշխատում՝ լինի ընտրություն, լինեն լսումներ: Թեկուզ Վահե Ավետյանի լսումների հրավիրումը ցույց տվեց, որ հասարակական ահռելի համահայկական հնչողություն ունեցող հարցի շուրջ անգամ չեն աշխատում: Մեր քաղաքական դաշտը արձակուրդի է, երբ 20 երկրներում աղմկում են: Քաղաքական մարմինները՝ լինեն ընդդիմադիր թե դիմադիր, արձակուրդում են»:

Գարեգին Չուքասզյանը նաեւ «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ է: Մեր հարցին՝ «Հարսնաքարի» միջադեպի պես մեր երկրում շատ միջադեպեր են եղել, ժողովրդի համբերության բաժա՞կն է լցվել, որ դուրս են եկել պայքարի, թե՞ սա այլ դեպք է՝ նա պատասխանեց, որ հատուկ միջադեպ էր. «Այդ սպանության, այդ հանցագործության վտանգավորության աստիճանը շատ բարձր է, մարդկային իմաստով նույն դժբախտությունն է, բայց հասարակական վտանգավորության առումով սա հատուկ դեպք է, որովհետեւ արդեն ահաբեկվում են ազգային բանակի սպաները, որոնք անվտանգության երաշխավորն են: Եթե մեր երկրի անվտանգության երաշխավորողին դու կարող ես սպանել, հետո կոծկել սպանությունը, ուրեմն ամբողջ երկիրը պիտի գիտակցի, որ ինքն անպաշտպան վիճակում է, իր ազգային անվտանգությունն է այստեղ հարցը: Կա հասարակական վտանգավորության շատ բարձր աստիճան, սա վերջն է, քաղաքացին պիտի հասկանա, որ սրանից հետո ինքը անպաշտպան է, եւ իր պաշտպանությունը պետք է վերցնի իր ձեռքը»: Մենք հետաքրքրվեցինք՝ Ձեր կենցաղում, աշխատանքում խոչընդոտների չե՞ք հանդիպում՝ հաշվի առնելով Ձեր քննադատությունները, Գարեգին Չուքասզյանը պատասխանեց. «Իհարկե, որոշ բաներ եղել են: Ես առայժմ դրա մասին չեմ ասի, բայց եթե պահը գա՝ ինքս հայտարարություն կանեմ»: Մենք հետաքրքրվեցինք՝ հետապնդո՞ւմ, ճնշո՞ւմ են Ձեզ՝ պարոն Չուքասզյանը պատասխանեց. «Առայժմ չեմ կարող ասել, բայց կան որոշակի հանգամանքներ, որոնց մասին ժամանակը որ գա՝ կասեմ»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031