Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը հրաժարվել է Գասպարիի դեմ հայցից

Օգոստոս 04,2012 12:12

 

ՀԱԿ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիի դեմ կա մեկ քրեական գործ, որի քննությունը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի օգստոսի 21-ին, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ:

Վարդգես Գասպարիի դեմ ոստիկանության հարուցած վարչական վարույթը, որը գտնվում էր ՀՀ վարչական դատարանում (դատավոր Կ.Բաղդասարյան)  հուլիսի 21-ին կարճվել է, քանի որ ոստիկանությունը հուլիսի 13-ին հրաժարվել էր հայցից:

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության՝ անցյալ տարվա մարտի 3-ին Վ.Գասպարին ուշացումով միանալով Հանրապետության հրապարակում տեղի ունեցած կրպակատերերի բողոքի ցույցին, «խախտել էր հասարակական կարգը», բնականոն երթեւեկը: Ոստիկանությունը պահանջել էր Գասպարիին ենթարկել վարչական պատասխանատվության: Հայցը ներկայացրել էր ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի ներկայացուցիչ Էդգար Պետրոսյանը:

Անցյալ տարվա մարտի 28-ին այս հայցադիմումը մեկ անգամ վերադարձվել էր, քանի որ ոստիկանությունը հարկ չէր համարել ներկայացնել Գասպարիի կողմից հայցապահանջը ստանալու մասին հավաստող փաստաթուղթը:

Անցյալ տարվա նոյեմբերի 14-ից սկսվել էր դատաքննությունը:

Վարդգես Գասպարին Aravot.am-ին հայտնեց, որ ողջ ընթացքում իրեն իրավաբանական օգնություն է ցույց տվել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը, որն այդ ամեննն արել է հասարակական հիմունքներով:

«Ստացվում է, որ ամեն մի հանրահավաքի ժամանակ, ամեն մեկն իր հետ պետք է ունենա մեկ փաստաբան, որպեսզի կարողանա իրավաբանական օգնություն ստանալ»,-ասում է Վ.Գասպարին: Ի դեպ, վերջինն ուրախ է, քանի որ ինչպես ինքն է ասում, մեկուկես տարվա դատարաններից-դատարան քաշքշուկից ու ժամանակի վատնումից ազատվեց:

Վարդգես Գասպարին սպասում է մեկ հաղորդման պատասխանի էլ, որն ուղղել է գլխավոր դատախազին:

Ըստ այդ հաղորդման, օգոստոսի 1-ին Բաղրամյան-26-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայից հետո, երբ փորձել է Պռոշյան-Բաղրամյան խաչմերուկը կանաչ լույսի տակ անցնել, 1-2 տասնյակ ոստիկաններ 45 րոպե տեւողության, խախտել են իր ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը:

Դիմելով դատախազին՝ Գասպարին գրում է. «Պահանջում եմ չապավինել ձեզ հարազատ, քրեական հանցագործներին բնատուր խուսափողական ընդհանրական ձեւակերպումներին ու հարցը չփակել.«ոստիկանները կատարել են իրենց պարտականությունները» ձեւակերպմամբ»:

Գասպարին պահանջում է պատասխանատվության ենթարկել ոստիկաններին, իսկ դատախազից էլ՝ ասվածը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞՝ ոչ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, նշենք նաեւ, որ ոստիկանությունը մերժել է ԱԺ-ի դեմ ցույցի ժամանակ Վարդգես Գասպարիի պաստառը հափշտակած Սամվել Ալեքսանյանի եւ նրան գետին տապալած թեկնապահի դեմ քրգործի հարուցումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031