ԱԺ եվրոպական ինտեգրացիայի հարցերի հանձնաժողովի նախագահ, ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, ինչպեսեւ խոստացել էր, նախապատրաստել է հայատյացության խոսափողի վերածված ադրբեջանական դասագրքերը «եվրափորձաքննության» ենթարկելու առաջարկությունը հիմնավորող փաստերի փաթեթ եւ ակնկալում է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի աջակցությունը այդ հարցում։
Ինչի՞ մասին է խոսքը։ Ստորեւ ներկայացնում ենք ԲՀԿ խմբակցության քարտուղարի պարզաբանումները խնդրո առարկայի վերաբերյալ։
-ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանի օրակարգում մի նախագիծ կար, որը վերաբերում էր հանրակրթական դպրոցների դասագրքերի վիճակին, ընդհանրապես այդ կառույցին անդամակցող երկրներում ռասիստական դրսեւորումներին, եւ կար հորդոր անդամ-երկրներին՝ շատ մանրակրկիտ ուսումնասիրել առկա իրավիճակը, հատկապես ուշադիր լինել դասագրքերի հանդեպ, որպեսզի դրանցում ռասիզմի, այլատյացության ակնհայտ դրսեւորումներ չսպրդեն։
Դեռ այն ժամանակ ելույթ ունեցա վեհաժողովի ամբիոնից եւ ասացի՝ եթե իրապես ուզում ենք լուծել խնդիրը (զեկույցի հեղինակը թուրք պատգամավոր Նուրսունա Նեմեքանն էր), ապա հերթական անգամ կոչ եմ անում ԵԽ մեր գործընկերներին, որոնք նախապատրաստում են այդպիսի զեկույցներ, հետեւողականություն դրսեւորել այս հարցում. եթե չհետեւենք, թե ինչ է կատարվում ԵԽ անդամ որոշ երկրներում, մասնավորապես, Ադրբեջանում, սա կլինի հերթական դեկլարատիվ հայտարարությունը։ Եվ ասացի, որ առաջիկայում դիմելու եմ մարդու իրավունքների հանձնակատարին եւ ամբողջական փաթեթով ներկայացնելու եմ «դասական օրինակներ» ադրբեջանական դասագրքերից, որտեղ հայը մատուցվում է որպես ջարդարար, որպես մարդասպան։
-Այդպիսի օրինակները շա՞տ են։
-Նմանատիպ փաստերի պակաս չի զգացվում։ Բերեմ երկու ցայտուն օրինակ ադրբեջանական որոշ դասագրքերում տեղ գտած ռասիզմի եւ հայատյացության բացառիկ գլուխգործոցներից։ Կենսաբանության դասագրքում 6-րդ դասարանցուն հարց են տալիս. ե՞րբ են հղի ադրբեջանուհու սրտի զարկերը հասնում 160-ի։ Երեխան պետք է գտնի ճիշտ պատասխանը։ Իսկ «ճիշտ պատասխանը» հետեւյալն է. երբ հղի ադրբեջանուհին Ղարաբաղի լեռներում բախվում է հայ ջարդարարների։
Հաջորդ խայտառակ օրինակը. պատմության դասագրքում կա մի դրվագ 1945թ. Բեռլինի մատույցներում զոհված ադրբեջանցի զինվոր Ասլանովի սպանության պատմությունից, որը եզրափակվում է հետեւյալ «խորիմաստ» հարցով. ի՞նչ իմանաս՝ արդյոք հայերի մատն էլ խառը չէ՞ այս պատմության մեջ։ Աբսուրդի հասնող այսպիսի օրինակները բազմաթիվ են։
Փաթեթը, որ առաջիկա օրերին պատրաստվում եմ ներկայացնել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի ուշադրությանը՝ պահանջելով փորձաքննության ենթարկել այդ դասագրքերը եւ ուղղակիորեն կոչ անել, հրահանգել Ադրբեջանի համապատասխան գերատեսչությանը՝ վերանայելու ռասիզմի եւ հայատյացության անթաքույց քարոզչությունը հանրակրթական դպրոցներում, գրեթե պատրաստ է։
Ի վերջո, անընդհատ խոսվում է վստահության մթնոլորտ ստեղծելու մասին, նույն Մինսկի խմբի համանախագահները բազմիցս հայտարարել են, որ առաջին լրջագույն քայլը հակամարտության կարգավորման ուղղությամբ պետք է լինի փոխվստահության վերականգնումը կողմերի միջեւ։ Ի՞նչ վստահության մասին կարող է խոսք լինել, եթե նույն ադրբեջանցի դեռահասների շրջանում անցկացված հարցման տվյալների համաձայն, «ո՞ւմ եք համարում Ադրբեջանի թշնամի» հարցին ի պատասխան, դեռահասների մոտ 80 տոկոսը պատասխանել է՝ հայերին։ Ահա՝ այսպիսի «ամուր» հիմքերի վրա է դրված այդ երկրում պետականորեն քարոզվող հայատյացությունը։
-Փաթեթը ձեր անունի՞ց եք ուղարկելու։ Ավելի ազդեցիկ չէ՞ր լինի, եթե պատվիրակությունը դիմեր հանձնակատարին եւ հետամուտ լիներ այդ խնդրին։
-Ցավով պետք է ասեմ, որ շատ դեպքերում մեր պատվիրակության որոշ անդամներ չեն խրախուսում իմ գործելաոճը՝ համարում են, որ պիտի շարունակել Ադրբեջանի քարոզչական հարձակումներին չարձագանքելու, չհակադարձելու մարտավարությունը։
Դա էլ է մոտեցում, բայց ես բացարձակապես չեմ ընդունում այդ «մարտավարությունը», եւ անկախ նրանից, թե պատվիրակության որ անդամը ինչ կարծիք ունի այդ մասին, ինչպես կընկալվեն իմ ելույթները Եվրոպայի խորհրդում, հենց եվրոպացի պատգամավորների կողմից (որոնցից շատերը նույնպես կարծում են, որ չարժե վեհաժողովը դարձնել հայ-ադրբեջանական հակամարտության ամբիոն), պատասխանելու եմ Հայաստանի, հայերի վերաբերյալ ստահոդ մեղադրանքներին, քանի դեռ ադրբեջանական կողմը շարունակում է այդ քաղաքականությունը։
-Տիգրան Ուրիխանյանը օրերս հայտարարել է, որ Վահե Ավետյանի սպանության հարցով արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությունն աննպատակ էր եւ ի սկզբանե դատապարտված էր անհաջողության։ Եթե այդպես է, ինչո՞ւ ԲՀԿ 7 պատգամավորներ, այդ թվում՝ դուք եւ Տ.Ուրիխանյանը, միացաք այդ նախաձեռնությանը։
-Տիգրան Ուրիխանյանը պարզաբանում է տվել այդ կապակցությամբ՝ նշել է, որ իր ասածը ներկայացվել է կոնտեքստից դուրս: Ինքը ընդամենը արձանագրել է փաստը՝ որ արձակուրդային սեզոնը լավագույն ժամանակահատվածը չէ արտահերթ նստաշրջան հրավիրելու համար, եւ բոլորի համար տեսանելի էր, որ անհրաժեշտ թվով ստորագրություններ չեն հավաքվի։ Այսինքն՝ ոչ թե նախաձեռնությունն աննպատակ եւ անիմաստ էր, այլ պարզապես, տվյալ ժամանակահատվածի համար իրատեսական չէր։