Լրահոս
Օրվա լրահոսը

Կլինի՞ լուրջ մրցակցություն ՏԻՄ ընտրություններում

Օգոստոս 04,2012 10:45

Վաղը Թալինում նոր քաղաքապետ ու նաեւ ավագանու անդամներ են ընտրելու։ Դատելով թեկնածուների առատությունից, այստեղ լուրջ պայքար է ակնկալվում։
Նշենք, որ նախապես առաջադրված 8 թեկնածուներից երեքը հետագայում ինքնաբացարկ հայտնեցին, եւ այժմ Թալինի քաղաքապետի պաշտոնին հավակնում են ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը, ԲՀԿ-ական Վազգեն Խաչատրյանը եւ անկուսակցականներ Էդվարդ Գրիգորյանը, Վորոշ Խաչատրյանը (քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար) ու Գագիկ Կարապետյանը։
Այսպիսով, կարելի է ասել, կհնչի մոտալուտ եւ ավելի ընդգրկուն ՏԻՄ ընտրությունների առաջին զանգը։ Իսկ տեղական իշխանության համար պայքարի հիմնական ալիքները կլինեն սեպտեմբերի 9-ին եւ 23-ին։ Նկատենք, որ սեպտեմբերի 9-ին ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզերի համայնքներում։ Իսկ սեպտեմբերի 23-ին արդեն էստաֆետը կվերցնեն Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերի համայնքները։
Ինչպես երեկ «Հայոց Աշխարհ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ, սեպտեմբերին 641 համայնքներում նախատեսված են համայնքապետի, իսկ 735 համայնքներում (ներառում են նաեւ նշված 641-ը)՝ ավագանու անդամների ընտրություններ։ Ըստ որում, տեղական իշխանության ընտրություններ են լինելու Հայաստանի 34 քաղաքներում։ Դրանց թվում են մայրաքաղաքից հետո երկրի երկու խոշոր քաղաքները՝ Գյումրին ու Վանաձորը։
Նկատենք, որ ընդհանուր առմամբ, այն համայնքներում, որտեղ սեպտեմբերին նախատեսված են ՏԻՄ ընտրություններ, գրանցված է շուրջ 1,5 միլիոն ընտրող։ Փաստորեն երկրի բնակչության կեսից ավելին, այսպես թե այնպես, առնչվելու է առաջիկա ՏԻՄ ընտրություններին, որոնց անցկացման համար կազմավորվելու եւ գործելու է 849 ընտրական տեղամաս։
ԿԸՀ նախագահը հավաստիացրեց, որ կազմակերպչական ու նաեւ ընտրությունների ֆինանսավորման առումով չկա որեւէ խնդիր, ավելին՝ սահմանված աշխատանքային ժամանակացույցի որեւէ խախտում չի եղել։ Այսինքն՝ բոլոր աշխատանքներն իրականացվում են ըստ ժամանակացույցերի, որոնք, ի դեպ, զետեղված են ԿԸՀ կայքում։ Եկող շաբաթվա առաջին օրերին արդեն հստակեցվելու են ընտրահանձնաժողովների ղեկավար կազմերը, որոշվելու են նախագահները, քարտուղարները ու այսպես շարունակ։
Եթե ընտրական գործընթացի նախապատրաստման ու կազմակերպման տեսանկյունից ամեն ինչ կարծես իր տեղում է, պարզ ու թափանցիկ, իսկ աշխատանքներն էլ կանոնավոր ընթացքի մեջ են, ապա նույնը հնարավոր չէ ասել զուտ քաղաքական առումով։
Իսկապես, մոտալուտ ՏԻՄ ընտրությունների շունչը այժմ պետք է արդեն լրջորեն զգացվեր, մինչդեռ ոչ մի նման բան չի դիտվում։ Կարելի է, իհարկե, ասել, որ ամառ է, արձակուրդային ու քաղաքական առումով պասիվ շրջան, բայց չէ՞ որ ընտրություններն էլ սարերի հետեւում չեն։
Օրինակ, Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզերի այն 379 համայնքներում, ներառյալ՝ 18 քաղաքներում, որտեղ համայնքապետերի ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 9-ին, ըստ սահմանված ժամանակացույցի, արդեն վաղվանից՝ օգոստոսի 5-ից, պետք է սկսվի եւ օգոստոսի 10-ին, ժամը 18։00-ին, ավարտվի թեկնածուների գրանցման փաստաթղթերի ներկայացումը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին։
Պարզ ասած՝ համայնքապետ դառնալ ցանկացող թեկնածուների փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 5-10-ը (գրանցումը՝ օգոստոսի 10-15-ը)։ Իսկ այն համայնքներում, որտեղ ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 23-ին, թեկնածությունների առաջադրման (փաստաթղթերի ներկայացման) ժամկետը օգոստոսի 19-ից մինչեւ օգոստոսի 24-ի ժամը 18։00-ն է։
Ինչպես տեսնում եք, դա այնքան էլ հեռու չէ, որքան թվում է։ Իսկ կուսակցությունների պատասխանատու ներկայացուցիչները կամ չեն խոսում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից, կամ էլ, լավագույն դեպքում, ինչ-որ բաներ են կմկմում, թե այժմ ներկուսակցական քննարկումներ են ընթանում այդ թեմայով։ Աստված սիրեք, ի՜նչ քննարկումներ, դրանք վաղուց արդեն պետք է ավարտված լինեին։
Երկուսից մեկը. կամ կուսակցություններն իրականում ՏԻՄ ընտրությունների ու իրենց հնարավոր թեկնածուների հետ կապված ամեն ինչ արդեն քննարկել-վերջացրել են եւ մնում է հրապարակայնացնել որոշումները, կամ էլ քաղաքական ուժերի մեծամասնությունը որոշել է հերթական ՏԻՄ ընտրություններում հանդես գալ «ավանդական» պասիվ կեցվածքով։
Թեպետ այստեղ կա նաեւ դրանով պայմանավորված երրորդ խնդիրը. տեղական իշխանության համար պայքարը մեր երկրում սովորաբար աչքի է ընկնում ապակուսակցականացվածությամբ ու այդքանով արդեն նվազում է այդ ընտրությունների բովանդակային քաղաքական բաղադրիչը։ Մի հանգամանք, որ, մեղմ ասած, անընկալելի է արեւմտյան ժողովրդավարական այն մոդելի պարագայում, որը ջանադրաբար մերոնք փորձում են ընդօրինակել։
Քաղաքական ուժերի մեծ մասամբ լուռ-պասիվ կեցվածքն անհասկանալի է նաեւ այն տեսանկյունից, որ այս ՏԻՄ ընտրությունները հաջորդում են խորհրդարանականին ու նախորդում են եկող տարվա նախագահական ընտրություններին։ Այսինքն՝ հենց միայն այդ երկու համապետական ընտրությունների գործոնը պետք է որ նկատելի քաղաքական ակտիվություն խթաներ, ու ոչ թե մեկ կամ երկու քաղաքի (Գյումրի, Վանաձոր), այլ ամբողջ երկրի մասշտաբով։ Հետո՞ ինչ, որ ամառ է։
Մյուս կողմից՝ արդեն իսկ կարելի է չկասկածել, որ տեղական իշխանության համար հիմնական պայքարը ծավալվելու է իշխող Հանրապետական կուսակցության եւ ինքզինքն այլընտրանքային բնորոշող «Բարգավաճ Հայաստանի» միջեւ։ Նման հիմնավոր ենթադրության տեղիք են տալիս նախեւառաջ անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ թե՛ համամասնական, թե՛ մանավանդ մեծամասնական։ Հատկապես մեծամասնականի պարագայում, աննշան բացառություններով, հաղթանակ տարան կա՛մ ՀՀԿ-ի կա՛մ ԲՀԿ-ի թեկնածուները։
Իսկ, օրինակ, ՀԱԿ-ը, չնայած թեկնածուներ էր առաջադրել բոլոր ընտրատարածքներում, այդպես էլ մեծամասնականով ընտրված ներկայացուցիչ չունեցավ։ Եվ ՏԻՄ ընտրություններն էլ, բացի մայրաքաղաքից, ինչպես հայտնի է, անցկացվում են ոչ թե կուսակցական ցուցակներով, այլ մեծամասնականի սկզբունքով։
Անորոշ է նաեւ մյուս կուսակցությունների ակտիվության հեռանկարը։ Այո, Գյումրիում Դաշնակցությունը թեկնածու է առաջադրելու։ Իսկ մյուս տեղերո՞ւմ։ Չէ՞ որ միայն Գյումրին չէ։ «Ժառանգությունն» էլ է ոնց որ ցանկանում ՏԻՄ ընտրություններում ակտիվանալ, բայց առայժմ բանը հայտարարությունների հարթության վրա է։
Ընդհանրապես կյանքը ցույց է տալիս, որ հայրենի հատկապես ընդդիմադիր կուսակցությունները, հատկապես մարզերում, սահմանափակ մարդկային ու կազմակերպչական ռեսուրսների են տիրապետում՝ ընդգրկուն կերպով ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար։ Բայց պատկերն այդպիսին է արդեն երկար տարիներ, իսկ դա հուշում է, որ նրանք բավարար չափով չեն աշխատում՝ իրենց տեղական կառույցները զարգացնելու եւ դրանց կշիռը մեծացնելու վրա։
Դե ինչ, սպասենք եւ տեսնենք, թե թեկնածուների ինչ քանակական ու կուսակցական պատկեր կունենանք առաջիկա 5 օրերից հետո։

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031