Բարգավաճ Հայաստան կուսակցության երիտասարդական թևի ղեկավար, պատգամավոր Վահե Էնֆիաջյանը «Առաջին լրատվական»-ին ասել է, որ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվսիտների դատավճռի խնդիրը իրավական հարթության խնդիր է: Այլ կերպ ասած, Բարգավաճ Հայաստանը նրանց չի համարում քաղաքական բանտարկյալ կամ քաղհալածյալ, ինչպես համարում է Հայ ազգային կոնգրեսը:
Բայց, Կոնգրեսը արդեն հայտարարել է, որ ինքը Բարգավաճ Հայաստանին ոչ մի վատ բան չի ասելու: Հետաքրքիր իրավիճակ է ստացվում: Երբ հանկարծ ընդդիմադիր դաշտից որևէ մեկը չի մասնակցում երիտասարդ ակտիվիստների ազատության համար ակցիաներին, կամ եթե հանկարծ օրը մի քանի անգամ չի հայտարարում, որ նրանք քաղբանտարկյալ են, արժանանում է Կոնգրեսի և նրա այսպես ասած ջերմեռանդ համախոհների սուր, կոշտ, և իհարկե կոպիտ քննադատությանը: Բայց ահա Կոնգրեսի թեթև ձեռքով Հայաստանի ժողովրդավարական ապագայի հույս հռչակված Բարգավաճ Հայաստանը, երբ հայտարարում է, որ խնդիրն իրավական է, այսինքն ոչ մի քաղաքական բան չկա՝ Կոնգրեսը լռում է:
Այս հանգամանքը անշուշտ որևէ մեկնաբանության կարիք երևի թե այլևս չի զգում և փաստն ինքնին այնքան խոսուն է, որ խոսքերն ինչպես ասում են՝ ավելորդ են: Իսկ Հայաստանի ժողովրդավարական ապագայով և երկրում իրապես քաղաքացիական փոփոխությունների համար պայքարող ակտիվ ու անկեղծ հանրույթը թող գնահատի, թե Կոնգրեսի նմանօրինակ պահվածքը ինչքանով է ազնիվ ակտիվ և անկեղծ քաղաքացիների հանդեպ, ինչքանով է ընդհանրապես ազնիվ որպես Հայաստանի ժողովրդավարացման համար պայքարի մասին հայտարարող ուժի պահվածք, երբ նման քնքույշ կերպով խնայվում է Բարգավաճ Հայաստանը և անխնա քննադատության արժանանում որևէ մեկը, ով կհամարձակվի չասել այն, ինչ կուզի Կոնգրեսը և չասել այն ժամանակ, երբ որ կուզի Կոնգրեսը:
«Ժամանակ»