Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար բնակարանաշինության պետական ծրագրի հաղթող ճանաչված «Գլենդել-Հիլզ» ՓԲԸ-ն Լոռու մարզում շուրջ 700 թափուր աշխատատեղ ունի, աշխատողների պակասը ներկայում լրացվում է այլ մարզերից աշխատուժի ներգրավմամբ:
Ընկերության հանրության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից Aravot.am-ին հայտնեցին, որ վանաձորցիների` շինարարական աշխատանքներում պասիվ ներգրավվածության պատճառները կարող են լինել տարբեր եւ անհատական, առավել եւս, որ աշխատավարձերի ուշացում չի լինում:
Թեեւ այս պահին ընկերությունը կարճաժամկետ առումով աշխատանքների դանդաղեցման հավանականության մտահոգություն չունի, աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի, այնուամենայնիվ, հետագայում, աշխատուժի շարունակական սակավության պարագայում չի բացառվում, որ աշխատանքները կարող են դանդաղել:
«Ներկայում Լոռու մարզում երկրաշարժից անօթևանների համար բնակարանաշինության պետական ծրագրով իրականացվող շինարարությունում աշխատելու համար մարզի մեր գրասենյակ կարող են դիմել շինարարներ, բետոնագործներ, պատշարներ, բնակարանների ներքին հարդարման աշխատանքների մասնագետներ, ատաղձագործներ և այլն: Աշխատողներն ընտրվում են ըստ մասնագիտական ունակությունների և ըստ աշխատանքի որակի»,-տեղեկացնում են ընկերությունից:
Կարդացեք նաև
Ծրագրի մեկնարկից մինչև օրս կառուցվել է 500-ից ավելի անհատական տուն գյուղական համայնքներում, ևս 220-ը Սպիտակում (Նոր քաղաքը՝ բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով), ընթացքի մեջ է 400-ից ավելի անհատական տան կառուցումը գյուղական տարբեր համայնքներում:
Անուշ Բուլղադարյան
Վանաձոր