Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքում արտագաղթի ծավալն ավելի փոքր է որոշ մարզերի համեմատ

Օգոստոս 03,2012 19:28

Սյունիքի մարզում միգրացիոն ակտիվությունը ցածր մակարդակի վրա է գտնվում` ի տարբերություն հանրապետության Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի մարզերի, որոնք աչքի են ընկնում  արտագաղթի տեմպերի համեմատաբար մեծ ծավալով: Միգրացիոն  պետական ծառայության միգրացիոն քաղաքականության բաժնի պետ Համբարձում Աբրահամյանի խոսքով` 1988-ից մինչեւ 2002թ.  ողջ հանրապետությունից արտագաղթել է 1 մլն 150 հազար մարդ, 2002-2007թթ. 750 հազար մարդ մեկնեց երկրից եւ վերադարձավ  600 հազարը, իսկ մնացած 150 հազարն այդպես էլ չվերադարձան:

2008 թվականից սկսած` միգրացիոն չափերի գնահատման կոնկրետ հետազոտություն, ըստ բաժնի պետի, չի եղել: «Մենք միգրացիայի գնահատման տարբեր աղբյուրներ ունենք, դրանցից մեկը նաեւ սահմանահատումների վերաբերյալ տվյալներն են` քանի մարդ է մեկնել, քանիսը ժամանել, բայց այդ թիվը ճշգրիտ կամ ամբողջական  համարել չենք կարող, քանի որ ամեն մի ուղեւոր էմիգրանտ չէ: Տարբեր կազմակերպությունների կողմից արված հետազոտությունների արդյունքում  պարզվել է, որ  աշխատանքային միգրանտների 90 տոկոսից ավելին Ռուսաստանի Դաշնությունում է հաստատվում, 1.8 տոկոսը` ԱՄՆ-ում, 1.6 տոկոսը` Ուկրաինայում, 1.1 տոկսը` Իսպանիայում: Մնացած երկներում հաստատված միգրանտների թիվը 1 տոկոսից  չի անցնում»,- տեղեկացնում է Հ. Աբրահամյանը,  ով իր գործընկերների հետ այսօր Կապանում էր, եւ Մեղրու ու Կապանի տարածաշրջանի սոցիալական ծառայություններ մատուցող պետական եւ հասարակական կազմակերպությունների աշխատողների հետ միգրացիոն ոլորտում  իրազեկության մակարդակի բարձրացման ուղղված սեմինար էր անցկացնում:

Մասնագետների կարծիքով՝ օրինական միգրացիայի վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակը  ցածր է, իսկ սեմինարի մասնակից են այն մարդիկ, ովքեր ավելի շատ են շփվում պոտենցիալ միգրանտների հետ եւ կարող են նրանց իրազեկել  օրինական միգրացիայի հնարավորությունների, անօրինական միգրացիայի վտանգների ու ռիսկերի մասին եւ տեսական գիտելիքներ հաղորդել պետության կողմից խնդրի լուծմանն ուղղված քայլերի մասին:  «Միեւնույն է  միգրացիոն հոսք կա, եւ պետք է այնպես արվի, որ գոնե միգրանտների իրավունքները եւ շահերը որոշակիորեն պաշտպանված լինեն տվյալ երկրներում, իսկ անօրինական միգրանտների կարգավիճակում հայտնվելու դեպքում սահմանափակվում է կառավարության ակտիվ միջամտությունը նրանց իրավունքների պաշտպանության հարցում», – հավելում է պարոն Աբրահամյանը:

Նմանատիպ սեմինար է անցկացվել նաեւ Գորիս քաղաքում` Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջանների համապատասխան ոլորտի ներկայացուցիչների համար:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031