2001-2003 թվականներին Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցվեց սահմանագոտին շրջանցող, Ոսկեպար-Կիրանց 11 կմ երկարությամբ ճանապարհը: Շրջանցիկ այդ ճանապարհը կառուցել է «Դորոժնիկ» ՍՊԸ-ն: Շինարարության համար, մեր տվյալներով, ծախսվել է մոտ 7 միլիոն դոլար: Ներկայումս այս ճանապարհում, շուրջ 20 տեղ ասֆալտի ծածկույթը քանդվել կամ փոս է ընկել, ճանապարհը դարձել է անբարեկարգ: Պատճառը, ըստ մասնագետների, ասֆալտի հիմքի թույլ լինելն է, մեծ հաշվով՝ ճանապարհաշինարարների անորակ աշխատանքը:
Ներկայումս ճանապարհի եզրին քարակույտեր են թափված, որպեսզի դրանով հարթեցվեն միջպետական ճանապարհի քանդված տեղերը: ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական ինտերնետային կայքի Լինսի ծրագրի ճանապարհաշինության բաժնում այս ճանապարհի վերաբերյալ նշված է. «Կառուցվել է Կիրանց-Ոսկեպար սահմանամերձ գյուղերը կապող ավտոճանապարհը` դարձնելով այն ավելի անվտանգ»: Իրականում հնարավորության կար սահմանագիծը շրջանցող ճանապարհը կառուցել ավելի կարճ, ավելի հարթ տեղանքով, ադրբեջանական զինուժի ոտնձգություներից պաշտպանված, անվտանգ տարածքով:
Խորհրդային տարիներին Կիրանց –Ոսկեպար հատվածը 4 կմ երկարություն ուներ: Ներկայումս գրեթե նույն տարածքով ձգվող, ռազմավարական նշանակություն ունեցող, ռազմական տեխնիկայի եւ զինուժի տեղաշարժի համար կառուցված հողաշեն ճանապարհը ունի 5 կմ երկարություն: Այն ադրբեջանական հրետակոծությունից պաշտպանված է հողապատնեշներով: Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցված շրջանցիկ ճանապարհը կրկնակի երկար է, այն ձգվում է լեռնային բաց տեղանքով, խոցելի է ադրբեջանական հենակետերի կողմից: Տրանսպորտային միջոցների տերերը շրջանցիկ այդ ճանապարհը հաղթահարելիս հավելյալ վառելիք, ժամանակ եւ նյարդեր են ծախսում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ