–Պարոն Դավթյան ՀՀԿ-ն իր ծրագրի առանցքային կետերից է համարել արտահանմանն ուղղված արդյունաբերության զարգացումը. կասե՞ք կոնկրետ ինչ սպասենք ոչ թե առաջիկա տարիներին, այլ` առաջիկա ամիսներին:
-Արդյունաբերության զարգացման համար պետության կողմից աջակցման մի շարք գործիքներ ենք կիրառում, որոնք շուրջ մեկ տասնյակ են: Ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) հետաձգման ռեժիմը, որը 300 միլիոնից ավել ներդրում կատարող գործարարներին հնարավորություն է տալիս ԱԱՀ-ն վճարել 3 տարի հետո, լուրջ օգնություն է եւ այս պահի դրությամբ, 25 ձեռնարկության արդեն ընձեռել ենք այդ հնարավորությունը: Այդ ռեժիմի շնորհիվ ձեռնարկությունների կատարած ներդրումների ընդհանուր ծավալն արդեն հասել է 100 միլիարդ դրամի: Այդ ամենի արդյունքում ստեղծվել է շուրջ 2,5 հազար նոր աշխատատեղ: Շուտով կանցնենք ժամանակավոր ներմուծման ռեժիմին: Այսինքն` սարքավորումներ ես բերում եւ ոչ մի հարկեր չես վճարում: Այս ռեժիմը հիմնականում տեքստիլ արդյունաբերության համար է, որոնք այդքան կապիտալ միջոցներ չունեն եւ որոնց սարքավորումները մոբիլ են: Կարող են աշխատել եւ եթե մի քանի տարի հետո այդ սարքավորումները փոփոխվեն` վերադարձնեն եւ այլն: Արդեն 10-15 ձեռնարկության տրամադրել ենք այդ ռեժիմից օգտվելու հնարավորություն: Օրինակ` մի ձեռնարկության` ՀԷԿ-երի կասկադների համար հայտ ներկայացրած, մենք մերժեցինք, որովհետեւ ոչ միայն աշխատատեղեր չէր ստեղծելու, այլեւ՝ մի բան էլ կրճատելու էր, քանի որ, եթե նոր սարքավորումներ բերեր, եթե մինչ այդ 10 հոգի է աշխատել, դրանից հետո 2 հոգի օպերատոր էին պահելու: Հիմա շատերն են ուզում այդ ռեժիմներից օգտվել, աշխուժությունը մեծ է: Մեկ տասնյակ ծրագրեր ունենք, որոնք կբերեն ներդրումներ, աշխատատեղեր:
– Չնայած որ ծրագրի տեսքով ճոխ-ճոխ խոստումներ են ամրագրված, բայց վերջին 1-2 տարում կարծես թե ժապավեններ չեն կտրվում, գործարաններ չեն բացվում, նախկին տարիներին, գոնե ներդրումների առումով որոշ աշխուժություն ռեալ կար:
– Ժապավեններով մի կողմնորոշվեք, այս տարվա ընթացքում Չարենցավանում մետալուրգիական մեծ գործարան ենք բացելու, այդ ծավալներով չենք ունեցել, որտեղ 300 աշխատատեղ է լինելու, չնայած նրան որ ավտոմատացված է, դե պատկերացրեք ինչ մասշտաբների գործարան է, որ նույնիսկ այդ պարագայում 300 մարդ է աշխատելու, որի արտադրանքն արտահանվելու է: Արդեն ունենք 60 ձեռնարկությունների ցանկ, որոնք նոր են բացվել կամ լուրջ վերազինվել են: Ընդհանուր առմամբ 5000 աշխատատեղ է ստեղծվել: Հիմի կասեք քիչ է, բայց խոսքը գնում է լավ աշխատատեղերի մասին, ֆայլաբազարում էլ աշխատատեղ կա, բայց խոսքը ժամանակակից ու երկարատեւ աշխատատեղի մասին է: Մարդկանց երազանքը, որը սովետական ժամանակներից մնացել էր, ունենան կայուն, երկարատեւ աշխատատեղ, կիրականանա: Մարդը գնալու է գործարանում աշխատի, որտեղ նորմալ վճարովի պայմաններով աշխատատեղեր են լինելու դրանք:
Կարդացեք նաև
–Պարոն նախարար, գուցե արտոնությունների դիմաց ներդրողների առաջ նաեւ պայման դրվի, որ արդյունաբերությունը մարզերում զարգացնեն ու իրենց ներդրումները հենց այնտեղ անեն, որպեսզի արտագաղթը կանխվի:
-Մենք փորձում ենք հորդորել, որ եթե գնաք մարզեր` կաջակցենք: Գործարանները, որոնք արդեն բացվել են, 90 տոկոսը մարզերում են, Գյումրիում, Չարենցավանում, Արմավիրում: Աշխատատեղերը հիմնականում ստեղծվում են մարզերում: Նույն այդ մարզերում փորձում ենք զարգացնել լեռնամետալուրգիայի ոլորտը: Բանակցություններ են գնում որոշ ընկերությունների հետ հանքերի շահագործման համար:
–Մասնագետները մտավախություն ունեն, որ նոր հանքարդյունահանողները նույնպես հանքերը կշահագործեն բնության ու մարդու համար վտանգավոր, այն է բաց եղանակով, ի՞նչ երաշխիքներ կան, որ Թեղուտի, Զանգեզուրի,Կապանի ու Ախթալայի հանքերի օրինակը չի կրկնվի:
-Այնպիսի ընկերություններ են դրանք, որոնց կապիտալում մասնակցություն ունեն եվրոպական բանկը եւ այլ հեղինակավոր կառույցներ, այսինքն` իրենք չեն մտնի այնպիսի գործարքի մեջ, որտեղ ժամանակակից արտադրություն չի եւ չափանիշները չեն պահպանվում: Շահագործման պայմանագրերում ամրագրվելու են ամենաբարձր միջազգային չափանիշներ եւ այդ ամենը նախապես նայվելու է մասնագետների, դրսից հրավիրած անկախ փորձագետների կողմից, որոնք կտան իրենց եզրակացությունը:
– Հույսեր կա՞ն, որ մոտ ապագայում կվերագործարկվեն մեծ աշխատատեղեր ապահովող «Նաիրիտն» ու Վանաձորի «Քիմպրոմը»: Դեռ անցյալ տարի նշել էիք, որ Քիմպրոմի մասով որոշ դրական տեղաշարժեր կան:
– Ինչ վերաբերում է «Քիմպրոմին», ապա այդ հսկա գործարանն ունի տարբեր արտադրություններ, որոնք ամեն մեկն առանձին կյանք ունի ու այդ ամեն մեկը մի հսկայական արտադրություն է: Ներկայումս կոմբինատում գործում են 2 արտադրամաս, որոնցից մեկը պարարտանյութեր է արտադրում, մյուսը` մանրաթելեր, սակայն դա այն թվով աշխատողներ չի ապահովում, ինչ-որ կոմբինատի իրական հնարավորություններն են: Կարելի է «Քիմպրոմի» տարածքները այլ արտադրությունների համար եւս գտագործել:
«Նաիրիտի» խնդիրը շատ բարդ ու առանձնահատուկ է: Այս պահի դրությամբ էական տեղաշարժեր չկան: «Նաիրիտի» ռեալ աշխատելու համար անհրաժեշտ են բավականին ներդրումներ, հիմա բանակցություններ են գնում մի քանի ընկերությունների հետ, բայց այս պահի դրությամբ նորություն չկա: Նախեւառաջ մենք պետք է ունենանք միջազգային հեղինակավոր ընկերություն, որ իր վրա կվերցնի 100-150 միլիոնի կուտակված պարտքերն ու կաշխատեցնի այն: Կաուչուկի պահանջարկը կա, բայց խնդիրը ինքնարժեքի մեջ է: Այն կախված է հումքի գների տատանումից, էլեկտրաէներգիայի գներից ու այլ գործոններից: Եթե «Նաիրիտն» աշխատեր, սոցիալական խնդիր կլուծեր, 3000 աշխատատեղ ունեցող գործարան է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ