«Ժառանգության» վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Hayeli.am-ին ասել էր օգոստոսի 4-ի վարչության նիստում քննարկվելու է Գյումրիի քաղաքապետի ընտրություններում թեկնածու առաջադրելու հարցը. «Եվ կորոշենք` մասնակցելու ենք Գյումրիի քաղաքապետի ընտրություններում, թե` ոչ»:
Այսօր, սակայն, «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում «Ժառանգության» Գյումրու տարածքային կառույցի ղեկավար Վահագն Հովհաննիսյանը կրկին ակնարկել էր՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնում իր առաջադրման հնարավորության մասին:
Aravot.am-ի հետ այս առիթով զրույցում «Ժառանգության» վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ կուսակցության վարչության նիստը հետաձգվել է, բայց՝ «Եթե մեր կուսակցականների կողմից ցանկություն լինի մասնակցելու այս կամ այն ընտրությանը, մենք, անպայման, շտապ կարգով դա կքննարկենք եւ գործադիրի որոշում կկայացնենք»:
Գյումրիի մասով էլ ասաց, որ Գյումրիի կառույցն այս պահին ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ չի ներկայացրել, Վահագն Հովհաննիսյանն էլ իր հարցազրույցում խոսել է ոչ թե վերջնական որոշման մասին, այլ «հնարավոր ցանկության»: Մարտիրոսյանը հավաստիացրեց. «Եթե ինքը վերջնական ցանկություն հայտնի, մենք, բնականաբար, կաջակցենք մեր կուսակցական ընկերոջը, բայց կուսակցության որոշում՝ Գյումրիի քաղաքապետի թեկնածու առաջադրելու մասին, չկա»:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է «Ժառանգությունը» որոշել կրավորական կեցվածք որդեգրել ՏԻՄ ընտրություններում: Մարտիրոսյանը պարզաբանեց. «Դա կրավորական կեցվածք չէ: Սովորական կեցվածք է: Դա նաեւ անհատների, կուսակցականների ցանկության խնդիր է: Եթե ցանկությունը եղավ՝ անպայման կաջակցենք: Եթե՝ ոչ, չենք կարող մարդկանց պարտադրել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ