Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ՄԱՔՐԱԳՐԵԼՈՒ

Օգոստոս 03,2012 16:40

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ

Գլուխ քսանմեկերորդ

ԱՌԱՆՑ ՄԱՔՐԱԳՐԵԼՈՒ

Եվ Կարենը մի քիչ մտածեց ու ինձ հարցրեց՝ «էդ գրածովդ ի՞նչ ես ուզել ասես», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ուզել եմ ասեմ, որ շատ դուխով տղա ես», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «ինչո՞վ եմ դուխով», եւ ես ժպտալով ասացի՝ «ուրիշները մի անգամ ռիսկ չեն անում ամուսնանան, բայց դու էս էլ որերորդ անգամ ես ամուսնանում»,  եւ Կարենն արհամարհանքով նայեց ինձ ու հարցրեց՝ «ուրի՞շ ինչ ես ուզել ասես», եւ ես ժպտալով ասացի՝ «մեկ էլ ուզել եմ ասեմ, որ ուրիշները կյանքում նույնիսկ մի անգամ երջանիկ  չեն ըլնում, բայց դու էս էլ որերորդ անգամ երջանիկ ես», եւ Կարենը զարմացած ինձ հարցրեց՝ «քեզ ո՞վ ա ասել, որ երջանիկ եմ», եւ ես ժպտալով ասացի՝ «դու ես ասել», եւ Կարենն ավելի զարմացած հարցրեց՝ «ե՞րբ եմ ասել», եւ ես ասացի՝ «Նազենիի հաղորդման ժամանակ» եւ ժպտալով ավելացրի՝ «փաստորեն, սաղ Հայաստանն արդեն գիտի, որ երջանիկ ես», եւ Կարենը հարցրեց՝ «ասում ես՝ մեր էդ հաղորդումը նայել ե՞ս», եւ ես նորից ստելով ասացի՝ «հա», եւ Կարենը հարցրեց՝ «հավանեցի՞ր», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «շա՜տ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «վաբշե Նազենիի էդ հաղորդումը լավ հաղորդում ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը շատ մակարդակով աղջիկ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «համ տեսքն ա տեղը, համ էլ՝ խելքը», եւ ես ժպտալով ասացի՝ «շատ մակարդակով աղջիկ ա, բայց գլխից մեծ գործեր ա բռնում», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ գործեր ա բռնել», եւ ես ժպտալով ասացի՝ «օրական մի երջանիկ ընտանիք գտնելը հեշտ գործ չի», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատերը ձեւ են անում, թե՝ երջանիկ են», եւ ես ժպտալով ասացի՝ «դու ձեւ չես անում», եւ Կարենը ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ ձեւ չեմ անում», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ շահ ունես, որ ձեւ անես», եւ Կարենը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բա ուրիշներն ի՞նչ շահ ունեն, որ ձեւ են անում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «չգիտեմ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «մենակ մեր գծով ե՞ս խորացել», եւ ես ժպտալով ասացի՝ «երջանկությունդ դեմքիցդ չռռում ա», եւ Կարենը բավական երկար մտածեց ու ինքնաբավ ժպտալով ասաց՝ «որովհետեւ իսկապես երջանիկ եմ», եւ ես ժպտալով ասացի՝ «անցած անգամ էլ էիր երջանիկ», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «ե՞րբ», եւ ես ժպտալով հարցրի՝ «նախորդ ամուսնությանդ ժամանակ», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ երջանիկ էի», եւ ես ժպտալով ասացի՝ «անցած անգամ էլ էր երջանկությունը դեմքիցդ չռռում», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «շատ ուժեղ  հիշողություն ունես» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «անցած անգամվանն առանձնապես երկար չտեւեց», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «երջանկությունը սովորաբար շատ երկար չի տեւում», եւ Կարենը ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ երկար չի տեւում», եւ ես ժպտալով ասացի՝ «ենթադրում եմ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մարդու կյանքն էլ առանձնապես երկար չի տեւում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «նախավերջին  անգամ որ ամուսնացա՝ ոնց որ էրեկ ըլներ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «բայց իրականում քսանհինգ տարուց ավել ա անցել», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, վերջին էրկու անգամ դրամատուրգների հետ ես ամուսնացել», եւ Կարենը ժպտալով ասաց՝ «դրամատուրգուհիների՛ հետ», եւ ես ժպտալով ասացի՝ «հայ ժողովուրդն ընդամենը էրկու հատ դրամատուրգուհի ունի, էրկուսի հետ էլ ամուսնացել ես», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էլի կան» եւ մի քիչ էլ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ավելացրեց՝ «բայց իմոնք շատ տաղանդավոր են», եւ ես ժպտալով հարցրի՝ «նախքան հետդ ամուսնանալն ե՞ն տաղանդավոր էղել, թե հետդ ամուսնանալուց հետո են տաղանդավոր դառել», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով  ասաց՝ «շատ հետաքրքիր հարց տվիր» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ես էլ եմ մի քանի անգամ մտքիս մեջ էդ հարցն ինձ տվել, բայց ըտենց էլ էդ հարցի պատասխանը չեմ գտել», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «տաղանդավոր ծնվում են՝ չեն դառնում», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «պարզ ա, որ ծնվում են» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «բայց տաղանդին պիտի հնարավորություն  տաս, որ դրսեւորվի» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «տաղանդին պիտի դուխ տաս, որ դրսեւորվի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելի լրջանալով ավելացրեց՝ «ես էրկուսին էլ դուխ եմ տվել» եւ  մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «չնայած, հիմի որ մտածում եմ, հասկանում եմ, որ էրկուսն էլ էն գլխից դուխով  են էղել» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «որ դուխով չըլնեին, ո՞նց ռիսկ կանեին հետս ամուսնանային» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ասաց՝ «բայց ես իրանց ոչ թե դուխաթափ եմ արել, այլ հնարավորություն եմ տվել, որ ավելի ինքնավստահ դառնան» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելի լրջանալով ավելացրեց՝ «թե չէ՝ ամենատաղանդավոր ու ամենադուխով մարդուն էլ հնարավոր ա կոտրել ու խեղճացնել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ճիշտ ես ասում», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ մեկ-մեկ լայաղ անես ըսենց հետս նստես ու խոսաս, ավելի  լավ ու ավելի ճիշտ կգրես», եւ ես ժպտալով ասացի՝ «էս արդեն մի քանի ամիս ա՝ ուզում էի հետդ հանդիպեմ, էսօր հազիվ հաջողացրի», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «քեզ ձեռնտու չի էղել, դրա համրա էլ չես հաջողացրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ հանդիպեիր, ստիպված պիտի ճիշտը գրեիր», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝  «վերջում արդեն քո ասածի պես էր», եւ Կարենը հարցական նայեց ինձ ու ասաց՝ «այսինքն», եւ ես մեղավոր ժպտալով ասացի՝ «որ սկսեցի ձեր մասին իմ բստրած տարբերակը գրել, արդեն նույնիսկ խուսափում էի քեզ հանդիպել», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ էիր խուսափում», եւ ես մեղավոր ժպտալով ասացի՝ «որ քեզ հանդիպեի ու ձեր էդ պատմության իրական տարբերակն իմանայի, էլ չէի կարա հանգիստ խղճով շարունակեի բստրել», եւ Կարենը զզվանքով նայեց ինձ ու դժգոհ փնթփնթաց՝ «այսինքն, հիմի խիղճդ հանգիստ ա՞», եւ ես մեղավոր ժպտալով ասացի՝ «էնքան էլ չէ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ես էլ ուրիշների անձնականի մեջ ըտենց հրապարակայնորեն քիթս խոթեի, իմ խիղճն էլ հանգիստ չէր ըլնի», եւ ես հարցրի՝ «հրապարակայնորենը ո՞րն ա», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դու ես ասում, որ մեր մասին էդ բստրածներդ պիտի «Առավոտի» մեջ տպես» եւ մի քիչ էլ մտածեց ու փնթփնթալով ավելացրեց՝ «որ թողենք՝ լավ էլ կտպես», եւ ես ժպտալով հարցրի՝ «ո՞նց չպիտի թողես», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ թերթի խմբագրին կասեմ, որ էդ գրածդ ծերից ծեր սուտ ա», եւ ես ժպտալով ասացի՝ «ինքը գիտի», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «որտեղի՞ց գիտի», եւ ես ժպտալով ասացի՝ «իրա մասին էլ եմ սուտ բաներ գրել», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «բա չի նեղացե՞լ», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ես ընենց բաներ չեմ գրում, որ մարդիկ նեղանան», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կկարդանք՝ կտեսնենք», եւ ես ասացի՝ «ձեր հատվածն էրկու տարուց հազիվ տպվի», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «նախքան տպվելը պիտի կարդամ», եւ ես ժպտալով ասացի՝ «նախքան տպվելը չես կարա կարդաս», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ չեմ կարա», եւ ես ժպտալով ասացի՝ «որովհետեւ  իմ ձեռագիրը հնարավոր չի կարդալ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կմաքրագրես՝ կկարդանք» եւ մի քիչ էլ մտածեց ու վրդովված ավելացրեց՝ «կնստես ու խելոք կմաքրագրես» եւ մի քիչ էլ մտածեց ու արհամարհական ժպտալով ասաց՝ «ձեռի հետ էլ սխալներդ ու ստերդ կուղղես» եւ մի քիչ էլ  մտածեց ու վրդովված հարցրեց՝ «չգիտե՞ս, որ սուտ խոսալը մեղք ա համարվում», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «սուտ խոսալը մեղք ա, բայց մահացու մեղք չի» եւ ժպտալով ավելացրի՝ «ստախոսությունը մահացու մեղքերի մեջ չի մտնում», եւ Կարենը մի քիչ մտածեց եւ արհամարհանքով ինձ հարցրեց՝ «էդ հնարել ես, որ քեզ արդարացնե՞ս» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հնարավոր չի, որ ստախոսությունը մահացու մեղք չհամարվի», եւ ես ժպտալով ասացի՝ «ես էլ էի մի ժամանակ քո պես  կարծում, բայց վերջերս ճշտել եմ, որ մեր եկեղեցու օրենքով սուտն ու ստախոսությունը մահացու մեղքեր չեն համարվում», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «ումի՞ց ես ճշտել», եւ ես ասացի՝ «մի հատ ծանոթ տերտեր ա ասել», եւ Կարենը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բա ո՞ր մեղքերն են մահացու մեղք համարվում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «սպանելը» եւ մի քիչ էլ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «կամ, ասենք, շնանալը», եւ Կարենը թարս նայեց ինձ ու հարցրեց՝ «բա ինչի՞ ես քթիդ տակ խնդում» եւ մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «ես կյանքումս շնացած չկամ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելի լրջանալով ավելացրեց՝ «ես  միշտ էլ սիրելով եմ ամուսնացել» եւ մի քիչ էլ մտածեց ու արդարանալով ասաց՝ «ոչ թե շնացել եմ, այլ օրինական ու օրինավոր ամուսնացել եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մեր եկեղեցին բազմակնությունն արգելում ա, ճիշտ ա, բայց ես մեկից բաժանվել ու նոր մյուսի  հետ եմ ամուսնացել», եւ ես ժպտալով ասացի՝ «մեր եկեղեցին բաժանվելն էլ ա արգելում» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «համ բաժանվելն ա արգելում, համ էլ՝ բաժանվածի հետ ամուսնանալը», եւ Կարենը մի քիչ մտածեց ու խեղճանալով ասաց՝ «գիտեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «բաժանվելն ու բաժանվածի հետ ամուսնանալն է՞լ են մահացու մեղքեր համարվում», եւ ես ժպտալով  պատասխանեցի ու ասացի՝ «չէ» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «եթե դավաճանության պատճառով են կնոջից բաժանվում, էդ նույնիսկ սովորական մեղք չի համարվում», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իմ կանանցից ոչ մեկն ինձ չի դավաճանել»,  եւ ես ժպտալով ասացի՝ «ուրեմն, քո բաժանվելը մեղք ա», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց մահացու մեղք չի» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «նույնիսկ դժվար ա ասել՝ իրա՞նք են ինձնից բաժանվել, թե՞ ես՝ իրանցից» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, ես ու դու հավասար վիճակում ենք», եւ ես հարցրի՝ «ի՞նչ իմաստով ենք հավասար վիճակում», եւ Կարենը ժպտալով ասաց՝ «էրկուսս էլ մեղքեր ենք գործել, բայց էրկուսիս վրա էլ  մահացու մեղքեր չկան», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «բայց դու իմ մեղքերից խաբար չես», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ մեկը գիտեմ՝ հերիք ա», եւ ես ժպտալով հարցրի՝ «ո՞րը գիտես», եւ Կարենը պատասխանեց ու ասաց՝ «ստախոսությունը» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ ստագրությունը», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «լավ ա՝ էդ մեկը գիտես», եւ Կարենը հարցրեց՝ «ուրիշ մեղքեր էլ ե՞ս գործել», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «լիքը», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես ոչ հավատաքննիչ եմ, ոչ էլ՝ դատավոր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «քո գործած մեղքերից մենակ էդ մեկն ա ինձ վերաբերում», եւ ես ժպտալով հարցրի՝ «ո՞ր մեկը», եւ Կարենն ասաց՝ «իմ անձնական կյանքի մասին սուտ բաներ գրելը», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «էդ մեղքս արդեն խոստովանել եմ», եւ Կարենը զարմացած  հարցրեց՝ «ո՞նց ես խոստովանել», եւ ես ժպտալով ասացի՝ «խոստովանել եմ, որ քո անձնական կյանքի մասին սուտ բաներ եմ գրել», եւ Կարենը մի քիչ  մտածեց ու հեգնանքով  հարցրեց՝ «եկեղեցում ե՞ս խոստովանել», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ վեպիս մեջ եմ խոստովանել», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «վեպիդ մեջ ո՞նց ես խոստովանել», եւ ես ժպտալով ասացի՝ «գրել եմ, որ ձեր մասին էդ գրածս ծերից ծեր սուտ ա», եւ Կարենը մի քիչ մտածեց ու շիվարած ասաց՝ «բան չեմ հասկանում» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «սկզբում սուտը գրել ես, հետո էլ խոստովանել ես, որ սուտ ա՞», եւ ես ժպտալով ասացի՝ «հենց սկզբից էլ խոստովանել եմ, որ սուտ եմ գրում», եւ Կարենը զարմացած նայեց ինձ, մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ըտենց բան կարելի ա՞ անել», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «որոշողը դու ես», եւ Կարենը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ուզում եմ ասեմ՝ էդ տեսակ գրականություն կա՞», եւ ես մեղավոր ժպտալով ասացի՝ «չգիտեմ» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «ամեն տեսակ գրականություն էլ կա», եւ Կարենը բավական երկար մտածեց ու հարցրեց՝ «ավելի ճիշտ չէր ըլնի՞, որ մեր մասին էդ սաղ գրածդ ջնջեիր», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «շատ դժվար բան ես ասում, Կարեն ջան», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ ա դժվար. ջնջելու դժվարը ո՞րն ա», եւ ես ժպտալով ասացի՝ «ուրիշներն ամբողջ կյանքում գրում են, բայց մի հատոր չի ստացվում» եւ մի քիչ  մտածեցի ու հարցրի՝ «ես ո՞նց իմ էս կոտրած ձեռով մի ամբողջ հատոր ջնջեմ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «կբերես՝ ես իմ կոտրած ձեռով կջնջեմ», եւ ես մի քիչ մտածեցի ու խեղճացած ասացի՝ «ափսոսս գալիս ա» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «ախր ձեր մասին ոչ մի վատ բան չեմ գրել», եւ Կարենը զարմացած նայեց ինձ ու արհամարհանքով ասաց՝ մենակ էդ էր պակաս, որ վատ բաներ էլ գրեիր» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ի՞նչ վատ բան ենք արել, որ վատը գրեիր», եւ ես ժպտալով ասացի՝ «դրա համար էլ լավ բաներ եմ գրել», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ լավ բաներն էլ քեզնից ես բստրել» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղսրտած հարցրեց՝ «ուրի՞շ ինչեր ես գրել, ա՛յ տղա», եւ ես ժպտալով ասացի՝ «կկարդաս՝ կիմանաս», եւ Կարենը հարցրեց՝ «ե՞րբ կկարդամ», եւ ես ժպտալով ասացի՝ «էրկու  տարուց որ տպվի՝ կկարդաս», եւ Կարենը մի քիչ մտածեց ու գոռաց՝ «որ հանկարծ իմ ուզածով գրած չըլնես՝ կսպանեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «սպանելը մահացու մեղք ա համարվում», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ձայնը ցածրացնելով ասաց՝ «որ իմ ձեռն ըլներ, ես էդ մահացու մեղքերի մեջ առաջինը սուտ խոսալը կմտցնեի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «սուտ գրելն էլ» եւ մի քիչ էլ մտածեց ու անսպասելի հարցրեց՝ «ասում ես՝ ուրիշ ինչ մեղքեր ես գործե՞լ», եւ ես մեղավոր ժպտալով ասացի՝ «շնացել եմ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ե՞րբ ես շնացել», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «տարբեր ժամանակ» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «մանավանդ՝ Մոսկվայում սովորածս տարիներին», եւ Կարենը բավական երկար մտածեց ու հարցրեց՝ «մի բան ասեմ՝ կհավատա՞ս», եւ ես ասացի՝ «ասա», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մարդ կարող ա քսան անգամ  ամուսնանա, բայց ոչ մի անգամ չշնանա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «հնարավոր ա», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մի ուրիշն էլ կարող ա ոչ մի անգամ ամուսնացած չըլնի, բայց հազար անգամ շնացած ըլնի», եւ ես մի քիչ մտածեցի ու համաձայնվելով ասացի՝ «էդ էլ ա հնարավոր», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ մասին շատ եմ մտածել ու էդ եզրակացությանն եմ էկել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կարող ա մի քանի անգամ ամուսնացած մարդն ավելի բարոյական ըլնի, քան՝ մի անգամ ամուսնացածը», եւ ես համաձայնվելով ասացի՝ «շատ հնարավոր ա»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031