Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, օգոստոսի 3-ին սկսվեց առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դիտավորությամբ սուտ մատնության հատկանիշներով հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Ըստ մեղադրական եզրակցության, Խաչիկ Ասլանյանը առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դիտավորությամբ գործարար Վարշամ Ղարիբյանին սպառնացել է իրավապահ մարմիններին կեղծ տեղեկությունններ հրապարակել և պահանջել է իրեն հանձնել 150.704.000 ՀՀ դրամին համարժեք 400.000 ԱՄՆ դոլար գումար: Ըստ մեղադրանքի, ամբաստանյալը պատրաստել է Վարշամ Ղարիբյանի լուսանկարով կեղծ անձնագրի պատճենը և կեղծ տեղեկություններ է հայտնել նաև, թե իբր Վ. Ղարիբյանը Դուբայ քաղաքում համագործակցում է ադրբեջանական գաղտնի ծառայությունների հետ:
2011թ. մայիսին շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ Խ. Ասլանյանը Մարինե Խոսրոֆյանին սպառնացել է հրապարակել վերջինիս վերաբերող տեղեկություններ: Բացի այդ անձամբ կամ այլ անձի միջոցով տևական ժամանակում օգտագործելու նպատակով պատրաստել է կեղծ կնիքներ:
Ամբաստանյալն իրեն մեղավոր չճանաչեց ոչ մի հոդվածով և հայտարարեց, որ իր պաշտպանությունը կիրականացնի ինքնուրույն: Նա միջնորդեց գործին կցել փաստաթղթեր, որոնք վկայում են, որ ինքը գաղտնի հաղորդակցվել է իր մոր հետ և պատմել քննիչների անօրինական գործողությունների մասին: Մասնավորապես, գաղտնի կոդավորված շրիֆտի միջոցով արձանագրել է տուժողի վրա ճնշումները, իսկ մատ-մուլյաժի ներքո ամրացված ձայնագրիչով ձայնագրել քննիչի գործողությունները: Այդ նպատակով քննիչի սենյակում տեղադրել է նաև կրակայրիչի մեջ ամրացված «բզեզիկներից» մեկը:
Կարդացեք նաև
Մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Հովսեփ Սարգսյանը չառարկեց այդ նյութերը կցելու դեմ՝ դրանք որևէ ապացուցողական ուժ չունեն, սակայն բնութագրում են ամբաստանյալին:
Դատարանը որոշեց դատաքննության ընթացքում հետազոտման առարկա դարձնել այդ նյութերը, սակայն դրանց իրեղեն ապացույցներ լինել-չլինելու խնդրին անդրադառնալ խորհրդակցական սենյակում՝ վերջնական դատական ակտ կայացնելիս:
Ըստ դատարանի կողմից ընդունված ապացույցների հետազոտման կարգի՝ կհարցաքննվեն վկաները, տուժողները, կհետազոտվեն գործի գրավոր փաստաթղթերը, վերջում կհարցաքննվի ամբաստանյալը: Վերջինս հայտարարեց, որ չի կարելի անցնել վկաների հարցաքննությանը, քանի դեռ իրեն չեն տրամադրվել իրեղեն ապացույց ճանաչված փաստաթղթերի պատճենները: Նա նաև ժամանակ խնդրեց դրանց ծանոթանալու համար:
Դատարանը բավարարեց միջնորդությունը և դատական նիստը հետաձգեց մինչև օգոստոսի 28-ը:
«ՓԱՍՏԻՆՖՈ»