Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյան. «Ես թքած ունեմ նման արդարադատության վրա»

Օգոստոս 03,2012 16:30

«Արդարադատության նախարարությունը բացարձակ կեղծիքով գրանցում է կատարել պետռեգիստրում: Հիմք է ընդունվել մի փաստաթուղթ, որ կեղծիքի մարմնավորում է, որտեղ ներկայացվում է վիրտուալ համագումարի մասին նյութ: Արդարադատության նախարարությունն, ընդամենն իշխանությանը հաճո մի քանի խամաճիկների է ընդառաջ գնացել»,- Aravot.am-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը: Հիշեցնենք, որ նախօրեին հայտարարություն էր տարածվել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարչության անունից, որում նշվում է, թե կուսակցության ատենապետի՝ ով լինելու շուրջ երկար ժամանակ ծավալվող վեճն, ի վերջո, գտել է իր հանգուցալուծումը, և Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետը Գևորգ Պերկուպերկյանն է, իսկ «կուսակցության անվան հետ խաղացող, նրան այլ քաղաքական ուժին իբրև գործիք ծառայեցնել փորձող բոլոր անձինք մեկընդմիշտ վտարված են»: Գևորգ Պերկուպերկյանն ու որպես նորընտիր վարչություն ներկայացող անձինք լրատվամիջոցներին հորդորում են «առավել նրբանկատ լինել կուսակցության գործունեությունը լուսաբանելիս և «ՍԴՀԿ-ից վտարված անձանց իբրև հնչակյան չներկայացնել»:

Պարոն Եղիազարյանն ասում է, որ իրենք Արդարադատության նախարարությունից վերցրել են գործին վերաբերվող փաստաթղթերի պատճենները, ուսումնասիրել եւ հասկացել, որ այնտեղ շինծու շատ բան կա: Ըստ նրա, «գործ սարքողներն» այնքան են շտապել, որ չեն էլ նկատել, որ իրենց ներկայացրած «փաստաթղթերում» մեկ անգամ՝ առաջին համագումար կոչվածով, Լյուդմիլա Սարգսյանին արդեն իսկ հեռացրել են կուսակցությունից: Հետո, նորից, մեկ այլ համագումարով են հեռացրել եւ, որ ավելի զավեշտալի է, այս անգամ արդեն Լյուդմիլա Հարությունյանին: Այս եւ նմանօրինակ մի շարք «կեղծիքները» Եղիազարյանին հիմք են տալիս ասել. «Ես թքած ունեմ նման արդարադատության վրա, որը առանց գրանցումների, առանց ստորագրությունների, կոպտագույն խախտումներով փաստաթղթերը հիմք է ընդունում եւ գրանցում է իր խամաճիկներին»:

Եղիազարյանը հավելում է, որ գործն այժմ դատարանում է, իրենք վիճարկում են Արդարադատության նախարարության գործողությունները, թեեւ այդքան էլ չի վստահում այդ համակարգի ենթակայության տակ աշխատող դատարանին: «Կթարգմանենք այս փաստաթղթերը, աշխարհով մեկ կտարածենք այս խեղկատակությունը, տիկին Քլինթոնին էլ կուղարկենք, որ տեսնի, թե ինչպիսի՜ ժողովրդավարություն է Հայաստանում, իր գոված ժողովրդավարությունը: Կմտնենք եվրոպական դատարան եւ կապացուցենք, որ սրանք խամաճիկների հավաքածու են»,- ասում է Գ. Եղիազարյանը:

Նա նաեւ խոստանում է, որ կեղծարարները նաեւ պատասխանատվության են ենթարկվելու, հատկապես ՀՀ արդարադատության համապատասխան վարչության պետ Փանոսյանը, որին «հանձնարարված է այս գործը գլուխ բերել»:

ՍԴՀԿ-ի անունից տարածված հայտարարության մեջ ասվում էր նաեւ, որ այսուհետ ՍԴՀԿ-ն պայքարելու է օլիգարխների դեմ: Այս առիթով էլ Եղիազարյանը նկատեց. «Ամենայն հավանականությամբ, ինչ-որ օլիգարխների դեմ արշավանք է պատրաստվում, սրանց էլ գործի են դրել՝ կեղծ գրանցումով կոմպենսացնելով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031