«Հարգելի պարոն Վարդանյան, մեծ հարգանքով Ձեր հանդեպ ուզում եմ նշել, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի կողմից որևէ վիրավորանք Ձեզ չի հասցվել, այլ պարզապես հայտնվել է կարծիք, թե լավ կլիներ Ձեր բացակայության տարիներին ոչ թե ԱՄՆ-ում լինեիք, այլ Հայաստանում ու ներդնեիք Ձեր ավանդը տվյալ սպորտաձևի զարգացման գործում: Ի՞նչ է, համաձայն չէ՞ք: Լավ չէ՞ր լինի, որ Հայաստանում լինեիք, թե՞ լավ չէր լինի, որ Ձեր ներդրումն ունենայիք»,- Aravot.am-ի հետ զրույցում Յուրի Վարդանյանի հայտարարության առնչությամբ՝ փոխանցեց Տիգրան Ուրիխանյանի օգնական Վարդան Քոչարյանը:
Ինչ վերաբերվում է դաստիարակության վերաբերյալ Յուրի Վարդանյանի մտորումներին. «Կարծում ենք, դրանք տեղին չեն և չարժե Ձեզ, որպես մեծանուն մարզիկի, մտնել բարդ, ինտելեկտուալ քաղաքական բանավեճերի մեջ քաղաքական գործիչների հետ: Մի՛ ենթարկվեք պրովոկացիաների և մի հետևեք պրովոկացիոն բնույթի հրապարակումներին: Ոչ ոք չի պատրաստվում քաղաքականացնել սպորտը, պարզապես ասուլիսի ժամանակ լրագրողը հարց հնչեցրեց, որին տրվեց շատ դրական ու կամեցողական պատասխան: Որտեղի՞ց առաջացավ բացասական և սուտ տեղեկատվությունը վիրավորանքի մասին, մեզ հայտնի չէ: Հույսով ենք, որ Դուք կվերանայեք Ձեր անտեղի արտահայտությունները: Կանխավ շնորհակալություն»,- ասաց պատգամավորի օգնականը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ