Aravot.am-ը ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ այն հանգամանքը, որ սիրիահայերը ժամանակին պաշտպանել են Բաշար Ալ Ասադի թեկնածությունը, արդյոք բացասական ազդեցություն չի՞ ունենա համայնքի գործունեության վրա, եթե իշխանության գա Սիրիայի ընդդիմությունը: Պարոն Սաֆրաստյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ դեռ հնարավոր չէ ասել, որ Ասադի ռեժիմը կպարտվի և իշխանության կգան ապստամբները: Չեմ կարծում, որ հայ համայնքի համար հատուկ ծանր իրավիճակ կլինի, անգամ եթե ապստամբները գան իշխանության: Այլ բան է, որ իրավիճակը կարող է լինել ծանր ոչ միայն հայերի, այլև բոլոր քրիստոնյաների համար, քանի որ իշխանության եկածների մեծ մասը կարող են լինել իսլամիստներ, Ալ Քաիդայի ներկայացուցիչներ: Ուստի այս իմաստով հայերը կարող են վտանգի տակ լինել»:
Մեր մյուս հարցին՝ ինչպե՞ս է թուրքագետը մեկնաբանում այն հանգամանքը, որ սիրիահայերի մեծամասնությունը չի ցանկանում հաստատվել Հայաստանում, պարոն Սաֆրաստյանն այսպես պատասխանեց. «Կարծում եմ, որ սիրիահայերի մեծ մասը ոչ թե չի ցանկանում մշտապես հաստատվել Հայաստանում, այլ որ նրանց մեծ մասը դեռ հույս ունի, որ ամեն ինչ խաղաղվելու է և իրենք կարողանալու են ապրել իրենց տներում: Սիրիահայերի մեծ մասը մտավախություն ունի, որ եթե հաստատվեն Հայաստանում կամ այլ տեղ, հնարավոր է Սիրիայում կորցնեն իրենց կարողությունը: Ուստի համաձայն եմ, որ անմիջական զանգվածային վտանգ նրանց կյանքին դեռ չի սպառնում, դրա համար էլ նախապատվությունը տալիս են Սիրիայում մնալուն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ