Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատություն քաղբանտարկյալներին». բողոքի ակցիա ՀՀ դատախազության առջեւ (Տեսանյութ)

Օգոստոս 03,2012 15:40

ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջեւ «Ազատություն Սարգիսին», «Ազատություն Դավիթին», «Ազատություն Տիգրանին», «Ազատություն Արտակին» պաստառներով մոտ 40 րոպե բողոքի ակցիա տեղի ունեցավ 2-6 տարի ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստների համար: Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Ազատություն քաղբանտարկյալներին»:

«Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Տիգրան Առաքելյանին եւ ՀԱԿ մյուս ակտիվիստներին: Մեզանից որեւէ մեկը միամիտ չէ, որ կարծի, թե այս շենքի պարունակությունից, որի առջեւ մենք կանգնած ենք, որեւէ արդար որոշման ակնկալիք կարելի է ունենալ: Բոլորս էլ հասկանում ենք, որ այս շենքը, որը «մարտի 1» է կոծկել եւ հետագայում այլ հանցագործություններ նույնպես, այս կառույցը չի կարող արդարացի որոշում կայացնել: Սակայն մենք այստեղ ցույց ենք տալու մեր վճռականության պատրաստակամությունը եւ պայքարելու ենք մինչեւ վերջ»,- հայտարարեց ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գեւորգյանը:

Ակցիային ներկա ՀԱԿ անդամ, ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը Aravot.am-ի հետ զրույցում հարցին, թե այս հարցով ինչ ակնկալիք ունեն ՀՀ իշխանություններից, ասաց. «Մենք ոչ իրենց աղերսում ենք, որ ընդառաջեն, ոչ էլ աջակցություն ենք պահանջում: Այնքան միամի՞տ ենք, որ մտածենք, թե միայն պիկետներով հնարավոր է հասնել տղաների ազատությանը: Պիկետներն ընդամենը մասն են կազմում մեր մարտավարության եւ մենք օգտագործում ենք մեր բոլոր միջոցները: Պիկետներն էլ, երթերն էլ տրամադրություն են ստեղծում: Երեւանի կենտրոնում երթերի ժամանակ տեսնում են, թե ինչ է կատարվում, լսում են հայտարարություններ, որ պախարակում են իշխանություններին, նշանակում է, որ մեր ուղերձը կամ այդ պիկետները հասնում են հասարակ ժողովրդին: Մենք ոչ միայն պիկետներով, այլ նաեւ երթերով եւ պառլամենտում մեր ելույթներով, ինչպես նաեւ քաղաքական այլ գործիքներն օգտագործելու ենք մեր նպատակին հասնելու համար: Նաեւ դիվանագիտական աշխատանքներով միջազգային հանրության ուշադրությունն ենք գրավելու այդ անարդարության վրա: Մենք պիտի ցույց տանք, որ չենք հանդուրժելու անարդարությունը»:

Նշենք, որ գլխավոր դատախազությունը որեւէ ձեւով չարձագանքեց ակցիային:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031