Թեեւ Լոռու մարզում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարի մոտ 1200 հեկտարով ավելացել են ցանքատարածությունները, աճ է արձանագրվել նաեւ անասունների գլխաքանակի առումով, այնուամենայնիվ, տարին այդքան էլ բարենպաստ չէր ցորենի բերքի եւ խոտի համար:
Այսօր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը պաշտոնավարման 1 տարին լրանալու կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի շրջանակներում մտահոգություն հայտնեց, որ անբարենպաստ բնակլիմայական պայմանների հետեւանքով մարզում խոտի քանակի նվազումը լուրջ խնդիրների առաջ կարող է կանգնեցնել:
«Եթե մինչ այս անասնագլխաքանակի աճի միտում էր նկատվում, ապա հիմա մենք ունենք մտավախություն, որ անասնակերի նվազման պատճառով ունենանք անասնագլխաքանակի նվազում: Սա մեզ անհանգստացնում է, եւ այս առումով պետք է հեռագնա արոտները անպայման օգտագործվեն, քանի որ եթե նախորդ տարվա հետ համեմատենք, խոտի մեկ տուկի արժեքը 600-800 դրամ էր, հիմա արդեն մինչեւ 1500 դրամ է»,-խնդրի լուծման ուղիների մասին է պատմում մարզպետը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով համայնքների սեփական եկամուտների հավաքագրման խնդրին` մարզպետը նշեց, որ այս բնագավառում միակ բացը հողի հարկի հավաքագրման ցուցանիշների պակաս լինելն է:
«Մեր հավաքագրումների ամենաբացասական հոդվածը հողի հարկն է: Այսօր հողի հարկը մենք 62 տոկոսի սահմանը հազիվ գերազանցել ենք: Ընդհանուր առմամբ, համայնքներից պակաս է գանձվել մոտ 37 միլիոն դրամ գումար հողի հարկի գծով»:
Չնայած այս խնդրին` Արթուր Նալբանդյանը վստահ է, որ առաջիկայում այդ բացը կշտկվի:
«Ես համոզված եմ, որ առաջիկայում այդ բացը կշտկվի, որովհետեւ հիմա բերքահավաքի շրջան է, եւ գյուղացիները հիմնականում հողի հարկը վճարում են բերքը հավաքելու ընթացքում կամ բերքը հավաքելուց հետո»:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր