«Ի՞նչ են տալիս կամավորական ծրագրերը Հայաստանին և սփյուռքին». Այս թեման էր այսօր քննարկվում «Ելակետ» ակումբում: «Դեպի Հայք» հիմնադրամի գործադիր տնօրեն Սևան Կաբակյանի խոսքով, իրենց հիմնական նպատակը հայրենաբնակ հայության միջեւ բացը վերացնելն է, հայկական աշխարհի ստեղծումն է, որտեղ բոլորը հավասար կլինեն ամեն ինչով. «Մենք չենք ուզում, որ գան այստեղ, որպես ինչ-որ բան տեսնելու համար: Առաջին կամավորները եկել են Հայաստան 2004 թվականին: Մեր ծրագիրը աշխատում է տարին 12 ամիս, դրա համար էլ չունենք ամառային ծրագիր: Կամավորները գալիս են նվազագույնը երկու ամիս, առավելագույնը` մեկ տարի: Մենք նրանց օգնում ենք գումարով, որ գան այստեղ, լուծեն իրենց բոլոր հարցերը: Դրանց համար անհրաժեշտ գումարները ստանում ենք այն մարդկանցից, ովքեր կիսում են իրենց գաղափարը: Յուրաքանչյուր անձ ունի տարբեր նպատակներ, մենք նրանց օգնում ենք այդ նպատակների իրականացման համար: Կամավորների մեծ մասի համար արդեն մտավոր քարտեզի վրա է Հայաստանը, մտածում են` ինչ կարելի է անել այստեղի համար»:
Ծրագիրը նախատեսված է 20-32 տարեկանների համար: Նրանք պետք է լինեն ծագումով հայ եւ գալով այստեղ՝ պետք է շաբաթական աշխատեն 30 ժամ: Եթե նրանք չգիտեն հայերեն, ապա իրենց կամավորական աշխատանքներին զուգահեռ, պետք է ներկա լինեն հայերեն լեզվի դասերին: Կաբակյանի խոսքով, կամավորները անվճար աշխատում են տարբեր ոլորտներում: Կան նաեւ կամավորներ, ովքեր գալիս, անում են այն, ինչը չեն արել իրենց բնակավայրերում. «20 տարի առաջ կամավորությունն այդքան էլ զարգացած չէր, ոլորտներն էին քիչ, իսկ հիմա զարգացել է: Ամենաշատ կամավորներ լինում են IT ոլորտի, դիզայնի, ճարտարապետության, բժշկության ոլորտներում»,- ասում է «Դեպի Հայք» հիմնադրամի գործադիր տնօրենը: Նա այս տարի նախատեսում է 150 կամավորներ` 16 երկրներից: Ասում է` այս տարի ամենաշատն է լինելու:
Կամավոր Նորա Կայսերյանը առաջին անգամ Հայաստան է եկել 2010 թվականին`«Դեպի Հայք» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի միջոցով, ԱՄՆ-ից: Աշխատել է Գյումրու սոցիալ-կրթական կենտրոնում. «Երկրորդ անգամ եկա 2011 թվականին: Այդ ժամանակ ինձ օգնեցին աշխատանք գտնել: Հետո նորից գնացի ԱՄՆ` ուսումս շարունակելու: Այս տարի եկա մայիսին եւ չեմ գնալու, քանի-որ ավարտել եմ ուսումս: Աշխատում եմ Կանանց աջակցման միությունում, եւ անգլերեն եմ դասավանդում «Այբ» ավագ դպրոցում»:
Ամեն անգամ գալով Հայաստան՝ կամավորը դժվարություններ չի զգացել:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ