Շվեյցարիայում բնակվող հայ արվեստագետ Ալինա Մնացականյանը 2 տարի առաջ իր շվեյցարիացի ընկերների հետ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղով շրջելիս տեսել է աղբի մեծ կույտեր եւ որոշել աղբահավաք կազմակերպել: Այդ գյուղում գտնվող 4-5 հազար տարվա կիկլոպյան ամրոցների մնացորդները «հուշել են» ստեղծել «Մեր Կիկլոպյան պատերը» նախագիծը: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում ասաց արվեստագետը: Նրա փոխանցմամբ, իր մտահղացումը ներկայացրել է «Սեւակ» միությանը, որն էլ համաձայնվել է աջակցել:
Ասուլիսին ներկա «Սեւակ» միության Հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նազիկ Ռեհանյանն էլ նշեց, որ միության նպատակն է ստեղծել եւ ամրապնդել Հայաստան-Եվրոպա համագործակցությունը՝ սոցիալ-մշակութային եւ շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում:
Միության էկոխորհրդատու Ժան Բարսեղյանն ասաց, որ նախագիծը ներառում է արվեստը եւ ուսուցումը. «Նախագիծը սկսել ենք 2011 թ.-ի հոկտեմբերին, առաջին փուլը Լճաշենի աղբահավաքն էր, գյուղը մաքրելուց բացի, մեր նպատակն էր Լճաշենի բնակչության եւ դպրոցականների գիտակցության մեջ փոփոխություն մտցնել: Օրինակ` աշակերտների համար շատ հետաքրքիր էր, որ 10 պլաստիկ շշերից վերամշակման միջոցով կարելի է պիջակ ստանալ: Այս տարի էլ հուլիսին ենք կազմակերպել աղբահանությունը, մասնակցել են ընդհանուր 200 հոգի` հավաքվել ու տեսակավորվել է 12 խորանարդ մետր աղբ»: Տիկին Բարսեղյանը նաեւ նշեց, որ այն տարածքները, որոնք անցած տարի են մաքրվել, գյուղացիների ջանքերով մաքուր են մնացել:
Կարդացեք նաև
Շվեյցարիաբնակ Ալինա Մնացականյանն ավելացրեց, որ Հայաստանով շրջելիս բացահայտել է, որ ոչ միայն Լճաշենի մոտակայքում, այլեւ բազմաթիվ այլ պատմա-մշակութային կոթողների շրջակա միջավայրը հեղեղված է կենցաղային աղբով` պլաստիկե տոպրակներով, շշերով, թղթերով, այլ թափոններով:
«Մեր Կիկլոպյան պատերի» բացումը տեղի կունենա օգոստոսի 6-ին՝ Լճաշենում:
Արմինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ